Սիցիլիա՞, թե՞ Երևան. կրակոցներ, իրարանցում. «Համմերի» վարորդի արկածները Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սիցիլիա՞, թե՞ Երևան. կրակոցներ, իրարանցում. «Համմերի» վարորդի արկածները Հանրապետության հրապարակում

Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է տեղի ունեցել Երևանում։

Hummer մակնիշի ավտոմեքենան, չենթարկվելով Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների «Կանգ առ» հրահանգին, դիմել է փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մի քանի ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են Hummer-ին, որը երթևեկել է մայթերով, անգամ մայթով մտել է ՀՀ կառավարության գլխավոր մուտքի մոտ, որտեղ վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանին, ապա դարձյալ չենթարկվելով պարեկների «Կանգ առ» հրահանգին, մի քանի ավտոմեքենաներ ջարդելով՝ դիմել է փախուստի։

Ի վերջո պարեկներին հաջողվել է Ագաթանգեղոսի փողոցում օղակ անել և կանգնեցնել Hummer փախուստը։

Դրանից հետո Hummer-ի վարորդը դիմել է փախուստի։

Hummer-ի կողմից ջարդվել է պարեկային ծառայողական 3 և Արամի փողոցում կայանված քաղաքացիական 8 ավտոմեքենաներ։

Արամի փողոցում հայտնաբերվել է նաև կրակված պարկուճ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, Երևանի ոստիկանության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանն ու Կենտրոնական բաժնի պետ Արման Պապյանը։

Այս պահին դեպքի վայրում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, ասում էին, որ հետապնդման ժամանակ հնչել են կրակոցներ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hummer-ի վրա կան կրակոցի հետքեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

shamshyan.com