ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալբերտ Տոնիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 2300-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 21-րդ փողոցի 2/3-րդ հասցեի դիմաց, Արարատի մարզի Այնթապ համայնքի բնակիչ Արման Մուրադի Հովհաննիսյանի առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Արման Հովհաննիսյանի կրծքավանդակի ձախ հատվածին պատճառվելով առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
Ալբերտ Տոնիկյանը իր կողմից տնօրինվող«Ինստագրամ» սոցիալական կայք էջում լուսանկար է հրապարակել, որի վերաբերյալ այլ օգտատերերի, այդ թվում Արման Հովհաննիսյանի կողմից կատարվել են հայհոյախառն գրառումներ՝ ուղղված Ալբերտ Տոնիկյանին: Վերջինս նույն էջի միջոցով կապ է հաստատել Արման Հովհաննիսյանի հետ և պարզաբանում պահանջելու նպատակով առաջարկել է հանդիպել:
Պայմանավորվածության համաձայն 2022 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Ալբերտ Տոնիկյանը իրենց տան հետնամասում հանդիպել է Արման Հովհաննիսյանին և նրա ընկերոջը՝ Էդգար Արևշատի Ավետիսյանին և պարզաբանում է պահանջել: Քանի որ հաղորդագրության բովանդակությանը ամբողջությամբ ծանոթ չի եղել, վերջիններիս առաջարկել է սպասեն, մինչև հեռախոսը տանից վերցնի և որպես իր խոսքերի ապացույց հաղորդագրությունը ցույց տա, սակայն Արման Հովհաննիսյանը և Էդգար Ավետիսյանը չեն սպասել Ալբերտ Տոնիկյանին, այլ գնացել են Էդգար Ավետիսյանի բնակության հասցե և այնտեղ զբաղվել շինարարական աշխատանքներ կատարելով:
Դրանից հետո Ալբերտ Տոնիկյանը խնդրել է Արման Հովհաննիսյանին, որպեսզի հեռացնի իր կողմից արված գրառումը, սակայն վերջինս հրաժարվել է հեռացնել, պատճառաբանելով, որ իր գրառումը Ալբերտ Տոնիկյանին չի վերաբերվում, տեղյակ չի եղել, որ տվյալ էջը նրա կողմից է տնօրինվել: Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում, Ալբերտ Տոնիկյանը նույն հարցի շուրջ զրուցելու նպատակով կրկին Արման Հովհաննիսյանին առաջարկել է հանդիպեն: Մինչև հանդիպումը, Ալբերտ Տոնիկյանը Արման Հովհաննիսյանի առողջությանը վնաս պատճառելու ուղղակի դիտավորությամբ տանից իր հետ վերցրել է խոհանոցային դանակ և աջ ձեռքում պահած գնացել Արման Հովհաննիսյանին ընդհառաջ:
Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 21-րդ փողոցի 2/3 հասցեի դիմաց Ալբերտ Հովհաննիսյանը և Արման Հովհաննիսյանը հանդիպել են իրար, որին ներկա է եղել նաև Էդգար Ավետիսյանը: Ալբերտ Տոնիկյանի ձեռքում նկատելով դանակը Արման Հովհաննիսյանը հարցրել է, թե ինչու է իր հետ դանակ վերցրել, որին ի պատասխան, Ալբերտ Տոնիկյանը իր հետ վերցրած դանակով Արման Հովհաննիսյանի առողջությանը վնաս հասցնելու ուղղակի դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակի ձախ հատվածին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի, թոքի վնասումով և ձախակողմյան պնևմոհեմոթորաքսի ձևով պատճառելով առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող: