Ցավալի լուր նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել իրենց աշխատանքը և մասնագիտանալ ծրագրավորման ոլորտում։ Բանն այն է, որ մշակվում է արհեստական բանականություն, որը գրեթե պատրաստ է զբաղեցնել այս տեղը:
OpenAI ընկերությունը ԱԲ-ի հատուկ մոդել է մշակում, որը կարող է ոչ միայն աշխատող կոդ գրել, այլև մտածել ծրագրավորողի պես։ Գործընթացը շարունակվում է ավելի քան վեց ամիս, և քանի որ նախագծի հետևում կանգնած է այնպիսի տեխնոլոգիական հսկա, ինչպիսին Microsoft-ն է, դրա մասշտաբները և հեռանկարները պետք չէ թերագնահատել։
Հաղորդվում է, որ OpenAI-ը Լատինական Ամերիկայից և Արևելյան Եվրոպայից մոտ հազար ծրագրավորողների ու ոլորտի մասնագետների է վարձել ՝ նախագծի վրա աշխատելու համար։ Նրանց հանձնարարված է դասական խնդիրներ լուծել ծրագրավորման, հավելվածների մշակման և նոր առաջադրանքների համար կոդերի հարմարեցման ոլորտներից: Եվ որ ամենակարևորն է՝ նրանցից պահանջվում է գրավոր անգլերենով մանրամասն նկարագրել իրենց կոդի տրամաբանությունը:
Այնուհետև, օգտագործելով Codex գործիքը, տեքստերը ԱԲ-ի համար փոխադրվում են հրահանգների, ինչի արդյունքում ԱԲ-ն սովորում է ծրագրավորել։ Նախագծի նպատակն է սովորեցնել ԱԲ-ին «մտածել» ծրագրավորողի պես: Այսինքն՝ ոչ թե պարզապես կոդ գրել, այլ հասկանալ և լուծել առաջադրանքները:
Ամենայն հավանականությամբ նախագիծը կհաջողվի, ճիշտ այնպես, ինչպես որ ԱԲ-նկարիչները սովորել են նկարել իրատեսական յուրահատուկ նկարներ, իսկ տեքստային ԱԲ-ները սովորել են, թե ինչպես գրել կապակցված հետաքրքիր պատմություններ:
Ծրագրավորող ԱԲ-ն շատ շահավետ է խոշոր բիզնեսների համար, քանի որ թույլ է տալիս ավտոմատացնել և նվազեցնել սովորական կոդերի ստեղծման գործընթացների արժեքը: Իհարկե բարդ խնդիրները դեռ կլուծեն մասնագիտացված կրթություն և փորձ ունեցող մարդիկ, սակայն նորեկների ճանապարհն այս ոլորտում չափազանց կդժվարանա։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը