«Նիկոլի մյունխենյան խայտառակության կողքին ոչ պակաս ուշագրավ էին Ալիևի հնչեցրած մառազմատիկ մտքերը». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլի մյունխենյան խայտառակության կողքին ոչ պակաս ուշագրավ էին Ալիևի հնչեցրած մառազմատիկ մտքերը». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքում գրել է․

«Նիկոլի մյունխենյան խայտառակության կողքին ոչ պակաս ուշագրավ էին Ալիևի հնչեցրած մառազմատիկ մտքերը:

Ի՞նչ էր ուզում ասել եվրոպացիների լավագույն գործընկեր Ալիևը.

«Չկա Լեռնային Ղարաբաղ: Ավելին, «նագոռնի»-ն ռուսերեն բառ է», որն ինքնին արևմուտքի աչքին պետք է հանցագործություն թվա։

«Ադրբեջանի «Ղարաբաղի մարզում» ապրում է «հայ փոքրամասնություն», ում հետ «բարի» Ադրբեջանը պատրաստ է համագործակցել: Բայց ոչ բոլորի հետ, այլ միայն նրանց, ովքեր կընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն։

«Ռուս օլիգարխ» ու «հանցագործ» Վարդանյանին ռուսները «մաքսանենգ ճանապարհով» բերել են Ղարաբաղ՝ այնտեղի ջրերը պղտորելու համար։ Եվ ստացվել է այնպես, որ Վարդանյանը խափանում է տեղի «հայախոս փոքրամասնության» երազանքը համարվող շփումներն Ադրբեջանի իշխանությունների հետ։

Շրջափակում չկա. «Այս ամիսների ընթացքում մոտ հարյուր հիվանդ, Կարմիր խաչի մեքենաներով այս ու այն կողմ են գնացել»։ Շրջափակման բացակայության ինչպիսի հզոր ապացույց, այն դեպքում, երբ միայն Կարմիր Խաչի մեքենաները կարող են անցնել, այն էլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Ղարաբաղի համատեքստը և հայ-ադրբեջանական հարաբերությունների ենթատեքստը չպետք է կողք կողքի դնել. «Ղարաբաղի խնդիր չկա». Ադրբեջանը հաղթեց պատերազմում, որը նա սանձազերծեց հետևելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին` արժանապատվությունը վերականգնելու համար։ Այսինքն՝ 2020-ի պատերազմը, պարզվում է, տեղի է ունեցել ՄԱԿ-ի հրահանգով՝ նպատակ ունենալով վերականգնել հզոր Ալիևի ոտնահարված արժանապատվությունը։ Իսկ թե ու՞մ հրահանգով էր Ալիևը կռվում Հայաստանի ինքնիշխան տարածքում, չի բացահայտել:

Մարդկության դեմ հայերի հանցագործությունների մասին ավանդական բլոկը ձանձրալի կլիներ, եթե այս դեպքում չկենտրոնանար կրոնական խնդիրների վրա։ Ի վերջո, ստացվել է, որ հայերը միայն ադրբեջանցիների թշնամիները չեն, այլ նաև «իսլամի թշնամիներ» են։ Սա լրիվ նորություն էր, որ չգիտեինք:

Այնուհանդերձ Ադրբեջանը դեռ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության… որը նա հաճույքով կթելադրի մեզ` հայերիս։ Ավելին, հայ ժողովուրդը Փաշինյանին «մանդատ» է տվել ամեն ինչի համար՝ ընտրություններում հաստատելով հայերի կապիտուլյացիան։ Այսինքն ուղիղ ասում է «Նիկո´լ, իզուր մի խոսիր, այլ ստորագրիր այն ամենը ինչ պետք է Ադրբեջանին, քանի որ Հայաստանում մարդիկ դեմ չեն լինի դրան»:

Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ողջախոհություն հասկացությունը կարծես մեռած է: Ստացվում է, որ ով կարող է ինչ-ինչ պատճառներով ավելի շատ մարդ սպանել, նա հաջողության է հասնում։

Մյունխենի համաժողովը վերածվել է տարօրինակ վայրի: Անվտանգության մասին մտածելու փոխարեն այն դարձել է պատերազմների քարոզչության ու քաջալերման հարթակ: Մյունխենում հավաքված լիդերներն Ալիևից լսում են հայտարարություններ էթնիկ զտումների, տեղահանումների ու ռազմական ագրեսիայի կարևորության, կրոնական կամ պատմական դրդապատճառների և այլ մառազմների մասին։ Եվ նորմալ է, քաղաքակիրթ տիկնայք և պարոնայք այդ ամենը հանգիստ լսում ու անցնում են:

Նիկոլի հիմար «պատասխաններն» իհարկե տրագեդիայի ժանրից էր, բայց դա իր խնդիրը չէ և ինչպես միշտ` ինքը մեղավոր չէ: Դժվար է անխելք գառան դիրքերից թրփոշացած գայլին պատասխանելը, երբ գայլը հանգիստ տոնով ասում է, որ ձեր ժողովրդի կեսի հարցն արդեն լուծված է: Ինչ վերաբերում է մյուս կեսին, ապա գայլը պատրաստ է ուտել նրանց` ըստ համաձայնեցված գրաֆիկի, որովհետև գայլը շատ բարի, արդար և մարդասեր է»:



Նման նյութեր