Արցախի Մարդասիրական Աջակցության Նախաձեռնությունը (ԱՄԱՆ) կոչ է անում համախմբվել Արցախի շուրջ եւ աջակցել արցախցիներին՝ իրենց հայրենիքում առողջ եւ բարեկեցիկ ապրելու հարցում։ Այս մասին ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Արցախի Մարդասիրական Աջակցության Նախաձեռնությունը Արցախի շուրջ համախմբման եւ կենսական կարեւոր օգնություն ցուցաբերելու յուրատեսակ առաքելություն է։ ԱՄԱՆ-ի հիմնադիր կազմում ընդգրկված են հայտնի բժիշկներ և առողջապահության կազմակերպիչներ՝ Արա Բաբլոյանը, Արամայիս Գալումյանը, Համբարձում Սիմոնյանը, Գեւորգ Յաղջյանը, Արմինե Բարխուդարյանը, Վարդանուշ Պետրոսյանը, Գրիգոր Սիմոնյանը։
«Մեր առաջնահերթ նպատակն է նպաստել Արցախի բնակչության առողջության պահպանմանը՝ առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով մայրերին, երեխաներին եւ քրոնիկ հիվանդներին։
ԱՄԱՆ-ը իր գործունեությունը համակարգում է Արցախի օպերատիվ շտաբի եւ Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության, իսկ աջակցության ծրագրերն իրականացնում` «Մե՛նք ենք, մեր սարերը» Արցախի տարածքային զարգացման գործակալության հետ միասին։
Արցախին օգնության հարցերի եւ առաջարկների համար կարող եք գրել մեզ հետեւյալ հասցեով` [email protected]:
Ձեր նախատեսած գումարը կարող եք փոխանցել «Մե՛նք ենք, մեր սարերը» Արցախի տարածքային զարգացման գործակալության բանկային 1570087304810200 հաշվեհամարին՝ նշելով Արցախի Մարդասիրական Աջակցության Նախաձեռնության ծրագրերի համար», – ասվում է հաղորդագրության մեջ։