Apple-ը պատենտավորել է խելացի ժամացույցների համար նախատեսված կտորե գոտի, որը կարող է փոխել գույնը: Այս մասին հայտնում է Apple Insider պորտալը։
Գոտին ունի էլեկտրաքրոմային ծածկույթ, որը թույլ է տալիս բառացիորեն փոխել գույնը՝ կախված իրավիճակից: Այսպիսով՝ օգտատերը կկարողանա համապատասխանեցնել գոտու գույնը իր տրամադրությանը կամ զգեստապահարանի գունային գամմային։
Ընդհանուր առմամբ, Apple-ը նախատեսում է գոտու գույների փոփոխման մի քանի սցենար՝ սեփականատիրոջ խնդրանքով, նոր ցիֆերբլատ տեղադրելու դեպքում, ինչպես նաև ծանուցումներ ստանալու կամ որոշ տեղեկություններ կամ վիջեթ ցուցադրելիս:
«Ժամացույցի գոտու կարգավորվող գույնով տարրերը կարող են դասավորվել և կառավարվել միմյանցից անկախ այնպես, որպեսզի համակարգը կարողանա ցուցադրել պատկերակներ, ձևեր և/կամ տեքստեր՝ միաժամանակ որոշ տարրերն ընդգծելով հատուկ ձևով»,- պարզաբանել է ընկերությունը։
Apple-ը նաև նշել է, որ գույնի ընտրությունը կարող է կատարվել և կարգավորվել առանց ժամացույցի գոտին հանելու և փոխելու․ «Համապատասխանաբար, մի շարք գույներ կարող են ցուցադրվել տարբեր ժամանակներում՝ չպահանջելով ժամացույցի տարբեր գոտիներ յուրաքանչյուր գույնի կամ գունային համադրության համար»:
Հայտնի է, որ ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակը Apple-ին արդեն տվել է էլեկտրաքրոմային գոտու արտոնագիր, սակայն հայտնի չէ, թե արդյոք նոր մշակումը կհասնի խանութներ և երբ դա կարող է տեղի ունենալ։