Փետրվարի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմանում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Էդգար Խ․-ն իր վարած «ՎԱՍ» մակնիշի ավտոբուսով Դիմիտրով գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 11-ամյա Վ․ Պ․-ին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ երեխային տեղափոխել «Արտաշատ» ԲԿ, որտեղից այնուհետև երեխային տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Աղբյուրը նաև հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է «ԼԻԳԱ» ՍՊԸ հաշվեկշռում որպես Երևանից դեպի Նարեկ գյուղ՝ թիվ 466 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոց։