Կառավարությունում հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, կարևորելով գյուղատնտեսության զարգացումը մարզերում, վարչապետն անհրաժեշտ է համարել ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, ֆերմերների շարունակական վերապատրաստումն ու ուսուցումը:
«Մեր գյուղատնտեսության մեջ ամբողջ տեսությունը հիմնվել է նրա վրա, թե գյուղացին լավ գյուղատնտես է: Դրանից ելնելով էլ նրան սերմ, դիզվառելիք, պարարտանյութ ենք տվել և ասել՝ դու գիտես ինչ անել, բայց դա այդպես չէ: Հենց այդ պնդմանը կասկածում ես, ստացվում է՝ այդ ողջ տեսությունը խոցելի է. ժամանակակից ֆերմեր, կոոպերատիվ, տեխնոլոգիա չունենք: Սակայն մենք շանս ունենք, ինչպես այսօր ողջ աշխարհը գյուղատնտեսություն է սովորում Իսրայելում, 10 տարի հետո ունենալ այդպիսի գյուղատնտեսություն, որ գան մեզնից սովորեն»,- շեշտել է Կարեն Կարապետյանը: