Չինական ընկերությունը քննարկում է Ռուսաստան անօդաչուներ մատակարարելու հարցը. Der Spiegel
Advertisement 1000 x 90

Չինական ընկերությունը քննարկում է Ռուսաստան անօդաչուներ մատակարարելու հարցը. Der Spiegel

Ռուսաստանը բանակցություններ է վարում չինական արտադրողի հետ 100 դրոն գնելու մասին, մատակարարման ժամկետը՝ ապրիլին, հինգշաբթի տեղեկացրել է գերմանական Der Spiegel ամսագիրը՝ առանց որեւէ կոնկրետ աղբյուր նշելու։

Վերջին օրերին  ԱՄՆ-ը, Գերմանիան եւ արեւմտյան այլ երկրներ Չինաստանին կոչ են արել զենք չվաճառել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմ վարելու համար՝ հայտարարելով, որ ցանկացած նման քայլ լուրջ հետեւանքներ կունենա։

Արեւմտյան տերությունները կոշտ պատժամիջոցների (որոնք մտցվել են ի պատասխան Ուկրաինայի դեմ ագրեսիայի) ենթարկված Ռուսաստանին մեղադրում են Իրանից եւ Հյուսիսային Կորեայից զենք, այդ թվում անօդաչուներ գնելու մեջ։ Սակայն Չինաստանն առայժմ Ռուսաստանին զենք չի վաճառել Ուկրաինայում պատերազմ վարելու համար։

Der Spiegel-ը գրել է, որ անօդաչուներ արտադրող չինական Xian Bingo Intelligent Aviation Technology-ն հայտարարել է, որ պատրաստ է ZT-180 անօդաչուի 100 նախատիպ արտադրել, որը, ամսագրի տվյալներով, կարող է 35-50 կիլոգրամ զանգվածով մարտագլխիկ կրել։

«Ես ասել եմ Չինաստանի ներկայացուցիչներին, որ մենք չենք կարող համաձայնել դրան»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հինգշաբի, ZDF հեռուստաալիքի հարցազրույցում, երբ նրան հարցրել են այն մասին, թե Չինաստանն արդյոք կարող է օգնել Ռուսաստանին սպառազինությամբ։

Գերմանական պարբերականի տվյալներով՝  անօդաչուն նման է իրանական Shaheed-136-ին, որի օգնությամբ Ռուսաստանն անթիվ գրոհներ է իրականացրել Ուկրաինայում՝ հարյուրավոր կյանքեր խլելով եւ լրջորեն վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքը։

Հրապարակման մեջ նշվել է, որ Xian Bingo-ն ծրագրեր ունի օգնելու Ռուսաստանում անօդաչուների արտադրության հարթակ ստեղծելու գործում, որտեղ կարելի կլինի ամսական 100 սարք արտադրել։

tribune.am