Երևանի պետական համալսարանում դասախոսների աշխատավարձը կարող է 20-40 տոկոսով բարձրանալ, եթե նրանք կամավոր ատեստավորում անցնեն: Այս տարբերակով աշխատավարձի բարձրացումն առաջինն է կիրառվում Հայաստանի բուհական համակարգում:
Դասախոսները կողմ են ատեստավորմանը, սակայն նրանց հետաքրքրում է, թե ովքե՞ր են այն անցկացնելու:
«Ովքեր կանցնեն վերապատրաստում, թող նրանց աշխատավարձը բարձր լինի: Օրինակ, ես կողմ կլինեմ, որ ատեստավորումն անցկացնեն տվյալ ոլորտի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որպեսզի ավելի անաչառ, պրակտիկ լինի: Այդ կերպ կբարձրանա նաև կրթության որակը»,- մեզ հետ զրույցում ասաց պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը:
Կրթության փորձագետ, ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս Սերոբ Խաչատրյանը ևս դրական է վերաբերվում ատեստավորման արդյունքում աշխատավարձի բարձրացմանը:
«Կամավոր է, որևէ պարտադրանք չկա և ի տարբերություն ուսուցիչների, եթե մարդը դիմում է և փորձը հաջող չի լինում, պատժիչ միջոցներ չկան: Ուսուցիչների դեպքում կարող են պաշտոնում մնալը դիտարկել: Սա դասախոսների մի խմբի համար հնարավորություն է, որպեսզի կարողանան հավելավճար ստանալ: Սա կարևոր է, որովհետև հիմա համալսարաններում հիմնական շեշտը դրված է հոդված գրելու, տպագրելու վրա, և այդ համատեքստում մի փոքր համալսարանական դասավանդումն անտեսված էր: Այսինքն, մարդը կարող է հոդվածներ գրել, բայց լսարանում դասերը ձախողել և ստանալ շատ բարձր աշխատավարձ: Սա հնարավորություն է տալիս, որ դասախոսները նաև լսարանում լավ աշխատելու մոտիվացիա ունենան, որովհետև տպավորություն է, որ ուսանողներն էլ կարևոր չեն, կարևորը՝ հոդված գրես»,- նշեց Սերոբ Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների կողմից ատեստավորումն անցկացնելուն, կրթության փորձագետն ասաց, որ այո, խնդիր է, թե ինչպե՞ս է անցկացվելու ատեստավորումը. որակը, գնահատման չափանիշները կարևոր են:
«Կարևոր է, որ լինեն լավ դասընթացներ, արդյունքների գնահատումն էլ լինի օբյեկտիվ: Ըստ էության, դասախոսի կրթություն Հայաստանում չունենք, դրա համար շատ մարդիկ դասախոս են դառնում՝ համալսարանում 1-2 դասընթաց անցնելով, իսկ սա հնարավորություն կտա, որ մանկավարժական, հետազոտական հմտությունների դասընթացներ անցնեն և ավելի պատրաստված մտնեն լսարան»,- հավելեց Սերոբ Խաչատրյանը:
Անի Կարապետյան