Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա. Արտակ Բեգլարյան
Advertisement 1000 x 90

Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա. Արտակ Բեգլարյան

35 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում մեկնարկեց ադրբեջանահայության ցեղասպանությունը, որին տարբեր վայրերում ու ժամանակահատվածներում զոհ գնացին հազարավոր հայեր, իսկ հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնի տեղահանման: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական, ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա նաեւ նշել է. «Առ այսօր Ադրբեջանում շարունակվում և խորանում է հայերի հանդեպ ռասայական ատելության քաղաքականությունը, որի վառ դրսևորումներից է 2020թ. դաժանագույն պատերազմը, իսկ այժմ՝ Արցախի 78-օրյա շրջափակումը: Եվ այդ ատելության պետական քաղաքականությունը արձանագրվել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից:

Հայերին ցեղասպանելու թուրքական վաղեմի քաղաքականությունը շարունակվում է նաև հիմա՝ նպատակ ունենալով Արցախում ունենալ զրո հայ կամ միգուցե մեկը՝ թանգարանի համար:

Քանի դեռ մարդկության դեմ այդ հանցագործությունները չեն պատժվել պատշաճ կերպով, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են այդ ահավոր շղթայական հանցագործությունները՝ վտանգ ներկայացնելով քաղաքակիրթ աշխարհի համար:

Իսկ մեր անելիքը մեր հայրենիքում ամուր, միասնական ու արժանապատիվ կերպով ապրելն ու պայքարելն է, և արդարությունը վերջիվերջո կհաղթանակի»։

 



Նման նյութեր