ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «ՊՆ նախկին շենքի բնակիչները շարունակում են անօթևան մնալ: Որքան էլ ՀՀ ՊԵԿ-ը պնդում է, որ տարածքը պետական է և մարդիկ պետք է լքեն այն, ամեն դեպքում պետությունը պարտավոր է նախ նրանց ապահովել պատշաճ կացարանով և միայն նոր հարկադրաբար հեռացնել տարածքից:
Նախ տեղեկացնեմ, որ իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետները ոստիկանական ողջ գործողությունների ընթացքում եղել են ՊՆ նախկին վարչական համալիրի տարածքում, արձանագրել իրավիճակը:
Արդեն գրեթե երկու շաբաթ է՝ ՀՀ ՊՆ նախկին շենքում բնակվող անձինք՝ ընտանիքներով, որոնց մեջ են անչափահաս երեխաներ, ձմռան ցրտին բնակվում են վրանային պայմաններում։ Համալիրի տարածքում բնակվող անձանց շարքում են գործող և նախկին զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ, ծերեր, կանայք, մանկահասակ երեխաներ։ Արդեն իսկ առկա են դեպքեր, երբ ծերերի և անչափահասների շրջանում նկատվում են հիվանդացության դեպքեր։
Խնդրի վերաբերյալ դիմել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ պահանջելով հստակ պարզաբանում: