Մակ Փիրս անունով ինժեները սպորտային վերնաշապիկի վրա հիմնված տեխնոլոգիա է մշակել, որի շնորհիվ գիշերային տեսողության տեսախցիկները չեն կարողանում ֆիքսել մարդու դեմքը: Եթե անվտանգության տեսախցիկները նկարահանում են Camera Shy Hoodie-ն կրող մարդուն, ապա կադրերում երևում է նրա ուրվագիծը, իսկ դեմքը՝ ոչ։
Ինժեների արած գյուտն իրականում շատ պարզ է․ այն բաղկացած է սովորական հուդիից, որի պարանոցին կարված են ինֆրակարմիր լուսադիոդներ, որոնք օգտագործում են ինֆրակարմիր լույսի նույն ալիքի երկարությունը, ինչ անվտանգության տեսախցիկները, գիշերային տեսողության սարքերը և ինֆրակարմիր լուսարձակները: Արդյունքում լուսադիոդների արձակած լույսի շնորհիվ տեսախցիկները չեն կարողանում ֆիքսել այս մարզաշապիկը կրող մարդու դեմքը:
Այնուամենայնիվ, հնարավոր է ավելի շատ լուսադիդոդներ տեղադրել հագուստի վրա և տեսախցիկներից թաքցնել մարդու մարմնի մեծ մասը:
Քանի որ վերնաշապիկի լուսադիոդներն օգտագործում են ինֆրակարմիր լույս, դրանք մարդու անզեն աչքին տեսանելի չեն, ուստի նման լուսադիոդներով հագուստը կասկած չի հարուցի: Ցանկության դեպքում լուսադիոդները կարելի է հագուստի վրա ձևավորվել այնպես, որ դրանք գրեթե անհնար լինի նկատել:
Մակ Փիրսի ամբողջ նախագիծն արժեցել է 270 դոլար, որից 200 դոլարը նա ծախսել է անհրաժեշտ էլեկտրոնային բաղադրիչներ գնելու համար։
Ինժեները նաև մանրամասն հրահանգներ է հրապարակել այն մասին, թե ինչպես կարելի է սեփական Camera Shy Hoodie-ին պատրաստել. որպես հիմք կարելի է օգտագործել ցանկացած ոճի և գույնի բաճկոն կամ մարզաշապիկ: