Xiaomi ընկերությունն առաջ է անցել Apple-ից և ներկայացրել լրացված իրականության սեփական անլար գարնիտուրը՝ Xiaomi Wireless AR Glass Discovery Edition-ը, որն ունի նաև տեսանյութերի նկարահանման և ֆիլմերի դիտման գործառույթ։
Մյուս հրապարակումներում նա նշել է, որ սարքի կորպուսը պատրաստված է ածխածնի մանրաթելից և մագնեզիումի ու լիթիումի համաձուլվածքից։ Այս նյութերը, իհարկե, այնքան ամուր չեն, որքան ալյումինե կորպուսը, բայց դրանք շատ թեթև են, ինչի շնորհիվ սարքն ինքնին թեթև է ստացվել. այն կշռում է ընդամենը 126 գրամ (ընդորում՝ ակնոցի ոտնակները, ըստ առկա տվյալների, չեն ծալվում)։ Բացի դրանից, ակնոցը համալրված է էկրանով, որն աչքի ցանցաթաղանթի հետ նույն մակարդակի վրա է, ինչպես նաև կառավարման նորարարական համակարգով։
Ինչ վերաբերում է ակնոցի այլ բնութագրերին, ապա Mobile World Congress 2023 (MWC 2023) միջոցառմանը հայտնել են, որ այն կառուցված է Snapdragon XR2 Gen 1 հարթակի վրա և հագեցած է Xiaomi-ի սեփական անլար տեխնոլոգիայով։ Այն ապահովում է պատկերի վերարտադրման նվազագույն ուշացում, որը չի գերազանցում 50 միլիվայրկյանը:
Xiaomi-ի նոր գարնիտուրը հագեցած է բարդ կառուցվածքով օպտիկական մոդուլով՝ զույգ MicroOLED էկրաններով և լուսաուղղորդող պրիզմաներով, որոնք անհրաժեշտ են հստակ պատկեր ապահովելու համար: Էկրանի պայծառությունը հասնում է 1200 քդ/մ2: Էլեկտրաքրոմիկ ակնոցի ոսպնյակները կարող են հարմարվել տարբեր լուսավորության պայմաններին, ինչպես նաև ապահովել հեշտ «անցումն» իրական և վիրտուալ աշխարհների միջև: Օրինակ՝ ոսպնյակներն ունեն երկու ռեժիմ՝ խավարման ռեժիմ, որը կիրառվում է լրացված իրականությունում ավելի խորը ընկղմվելու համար և թափանցիկ ռեժիմ, որը համատեղում է իրականությունն ու վիրտուալ տարրերը:
Ինչ վերաբերում է կառավարման նորարարական համակարգին, ապա Xiaomi Wireless AR Glass-ը կարելի է կառավարել միկրո ժեստերով՝ առանց սմարթֆոն օգտագործելու․ օրինակ՝ հավելվածներ ընտրելն ու բացելը, էջերը թերթելը և հիմնական էջ վերադառնալու համար հավելվածներից դուրս գալը և անգամ տեքստ մուտքագրելը:
Ակնոցն ունի նաև լայն էկրանով բազմաթիվ հավելվածների աջակցություն․ հայտնի հավելվածները, ինչպիսիք են TikTok-ը և YouTube-ը, կարող են օպտիմալացնել ակնոցի արտացոլման տարածքի օգտագործումը՝ փաստացի վերածելով դրանք շարժական մեծ էկրանի:
Xiaomi Wireless AR Glass-ով կարելի է նաև տեսանյութ նկարահանել․ ակնոցի լուսանկարներում, որոնք տարածվում են լրատվամիջոցներում, կարելի է տեսնել երկու մեծ տեսախցիկ՝ ձախ և աջ կողմերում, բացի դրանից, փոքր տեսախցիկը տեղադրված է հենց մեջտեղում։