Nokia-ն 60 տարում առաջին անգամ փոխել է լոգոտիպը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Nokia-ն 60 տարում առաջին անգամ փոխել է լոգոտիպը

Հեռահաղորդակցության ոլորտի Ֆիննական Nokia ընկերությունը փոխել է լոգոտիպը, որն օգտագործվել է գրեթե 60 տարի։ Նոր լոգոտիպը, ընկերության ներկայացուցիչների կարծիքով, ավելի ժամանակակից և տեխնոլոգիական տեսք ունի։ Ավելին, դրա շնորհիվ ընկերությունն այլևս չպետք է ասոցացվի բջջային հեռախոսների բիզնեսի հետ, որն ընկերությունը վաճառել է մոտ 10 տարի առաջ։

Ինչպես Bloomberg գործակալության հետ զրույցում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Պեկկա Լունդմարկը, շատ մարդկանց գիտակցության մեջ Nokia-ն նախկինի պես ասոցացվում է բջջային հեռախոսների հետ, սակայն այժմ ընկերությունը նախատեսում է կենտրոնանալ ցանցերի (այդ թվում՝ 5G մասնավոր ցանցերի ստեղծման և 6G-ի զարգացման ուղղությամբ) և արդյունաբերական թվայնացման վրա։

Լունդմարկի խոսքով՝ անցած տարի նման կորպորատիվ լուծումներին բաժին է ընկել Nokia-ի հասույթի 8 տոկոսը, բայց մոտ ապագայում նախատեսվում է բիզնեսը հասցնել «երկնիշ» ցուցանիշների՝ հիմնականում օրգանական աճի և ոչ մեծ ընկերությունների ձեռքբերման շնորհիվ։

Լունդմարկը նաև նշել է, որ ընկերությունը թարմացնում է բրենդը, որպեսզի դա «արտացոլի այն, թե ով ենք մենք այսօր. առաջատար՝ նորարարությունների, B2B տեխնոլոգիաների ոլորտում»։

Հեռախոսային բիզնեսը, որի հետ Nokia-ն այլևս չի ցանկանում ասոցացվել, Microsoft ընկերությունը դեռևս 2014 թ. գնել է 7 մլրդ դոլարով, իսկ 2016 թ. վերավաճառել HMD Global ընկերությանը, որն այժմ Nokia բրենդով հեռախոսներ է թողարկում։

Ընկերության նոր լոգոտիպը բաղկացած է «NOKIA» բառից, որի տառերի որոշ մասեր բացակայում են։

News.am