Մարտի 2-ին, ժամը 15.50-ին, ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գլխի սալջարդ և պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կողբ գյուղի 94-ամյա մի բնակիչ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Մեկնած օպերատիվ խմբին հիվանդանոց տեղափոխված տարեց կնոջ հարևանուհին հայտնել է, որ նրան տեսել էր հյուրասենյակի հատակին ընկած:
ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են 94-ամյա կնոջը մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Կողբ բնակավայրի 21-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: