2022 թվականին աննախադեպ ակտիվություն էր վարձակալության շուկայում: Կադաստրի կոմիտեի փոխանցմամբ՝ Երևանում, օրինակ, վարձակալության գործարքներն ավելացել են մոտ 10 տոկոսով, անշարժ գույքի գործակալությունում արձանագրել են բնակարանների վարձակալության գների մոտ 100 տոկոս աճ, ինչը, սակայն, վերջին 2 ամսում որոշակիորեն նվազել է, օտարերկրյա վարձակալների մի մասը հեռացել է, բնակարաններն ազատվում են:
«Շուկայում ահագին փոփոխություն է եղել, քանի որ հունվար, փետրվար ամիսները ոչ տուրիստական են, չունենք մեծ հոսքեր՝ Ռուսաստանից եկող մարդիկ, ովքեր շտապ ուզում են տուն վարձակալել: Սա ունեցել է իր ազդեցությունը, և որոշ չափով վարձակալության գներն իջել են: Արդեն շատ են բնակարանները, որոնց վարձակալության արժեքը 20-40 տոկոսով նվազել է: Սակայն դեռ չեն վերականգնվել վարձով բնակարանների այն գները, որոնք կային ռուս-ուկրաինական պատերազմից առաջ»,- մեզ հետ զրույցում ասաց «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը:
Նրա փոխանցմամբ՝ հնարավոր է, այս տարի շատ շենքեր շահագործման հանձնվեն, շուկայում ահագին բնակարաններ ավելանան:
«Ու, եթե էլի մեծ հոսքեր չլինեն այլ երկրներից՝ բացի զբոսաշրջիկներից, ապա կարծում եմ՝ մի քիչ էլ դա կազդի գների վրա, բայց ակնկալել, որ կգանք նախկին գներին՝ անիմաստ է»,- նշեց Անդրանիկ Հարությունովը:
Ինչ վերաբերում է առք ու վաճառքի շուկային, մեր զրուցակցի փոխանցմամբ, ակտիվացել է առաջնային շուկան, և սա պայմանավորված է եկամտային հարկի վերադարձի ծրագրով, որից օգտվելու հնարավորությունը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը փուլային եղանակով, ըստ գոտիների, դադարեցվելու է: Այդ պատճառով կառուցապատողները մեկնարկում են նոր քաղաքաշինական ծրագրեր, իսկ գնորդները շտապում են ձեռք բերել անշարժ գույք, որպեսզի հասցնեն օգտվել այդ ծրագրից:
Հավելենք, որ 2022 թվականին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 1950 միավոր անշարժ գույք՝ 22.9 տոկոսով ավելի, քան 2021-ին, և վաճառել են 3173 միավոր անշարժ գույք՝ 0.6 տոկոսով ավելի՝ 2021-ի համեմատությամբ: Օտարերկրյա քաղաքացիները 2022-ին Հայաստանում գնել են 991 բնակարան, ինչը 36.9 տոկոսով ավելի է 2021-ին գնած բնակարանների համեմատությամբ: Օտարերկրյա քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 330 բնակելի տուն, 369 հող, 25 արտադրական նշանակության շինություն, 82 հասարակական նշանակության շինություն, 153 ավտոտնակ: Այս բոլոր գործարքներում աճ է նկատվել 2021-ի համեմատ:
Ընդ որում, օտարերկրյա քաղաքացիներից Հայաստանում ամենաշատը անշարժ գույք են ձեռք բերել և վաճառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում 2022-ին գնել են 1207 անշարժ գույք, ինչը 2021-ի համեմատ ավելացել է 44.9 տոկոսով, իսկ վաճառել են 2380 անշարժ գույք, ինչը 7 տոկոսով ավելի քիչ է, քան 2021-ին էր: Այնուհետև ամենաշատ գործարքներ կատարել են ԱՄՆ քաղաքացիները, գնել են 240 անշարժ գույք, վաճառել՝ 274-ը, Իրանի քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 84 անշարժ գույք, վաճառել 67-ը:
Նախորդ տարի Հայաստանում գրանցվել է վարձակալության 10 հազար 638 գործարք, ինչը 2021-ի 11 հազար 432 գործարքի համեմատ՝ նվազել է 6.9 տոկոսով: Սակայն բնակարանների վարձակալության գործարքները՝ 1761, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.9 տոկոսով: Ավելացել են նաև արտադրական և հասարակական նշանակության շինությունների վարձակալության գործարքները՝ կազմելով, համապատասխանաբար, 950 և 4736, սակայն, օրինակ, Երևան քաղաքում վարձակալության գործարքները 2021-ի համեմատ ավելացել են 9.7 տոկոսով՝ կազմելով 5957:
Անի Կարապետյան