Ադրբեջանի իշխանությունների զեղծարարություններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Ադրբեջանական իշխանությունների զեղծարարություններն այնքան պարզունակ ու անհիմն են, որ նույնիսկ երեխան կարող է հասկանալ նրանց ստերը Արցախի ոստիկանների վրա այսօրվա հարձակման վերաբերյալ:
- Ոստիկանության ծառայողները դուրս էին եկել Ստեփանակերտից՝ Շուշիի շրջանի իրենց անցակետում հերթափոխությունն իրականացնելու նպատակով, այնինչ ադրբեջանական կողմը պնդում է, որ նրանք Հայաստանից Արցախ էին գնում: Մեքենայի տեղաշարժի ուղղությունը հստակորեն երևում է ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութում:
- Ուստի, նրանք չէին կարող Հայաստանից Արցախ զենք տեղափոխել, եթե շարժվում էին հակառակ ուղղությամբ:
- Տեսանյութը ցույց է տալիս նաև ադրբեջանական զինծառայողները մեքենան բացելիս և փաստաթղթեր դուրս նետելիս, այնինչ նրանք փնտրում էին զենքեր և չգտան:
- Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարները ցուցադրում են վնասված դատարկ մեքենան դեպքի վայրում, ինչը նշանակում է, որ մեքենայում բեռ չկար:
- Ո՞վ կարող է պատկերացնել, որ զենքերը տեղափոխվում են փոքր մարդատար մեքենայով, որում հազիվ ուղևորներն են տեղավորվում:
- Տեսանյութը ցուցադրում է նաև, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները կրակում հեռվից և մոտենալով կրակում կրկին նաև մեքենայի մեջ: Հստակ է, որ միայն վերադարձի ճանապարհին են նրանց ուղղությամբ կրակում մեր մարտական դիրքից: Ուստի, կեղծ են նաև ադրբեջանական այն պնդումները, որ առաջինը արցախյան կողմն է կրակել իրենց ուղղությամբ:
- Եթեըստ ադրբեջանական կողմի՝ առաջին կրակողը արցախյան կողմն էր, ապա ի՞նչ կասեն տեսանյութային ապացույցների մասին և ինչու՞ թիրախավորված մեքենան և երկու կողմերի զոհերն ու վիրավորները գտնվում էին մեր վերահսկողության տակ գտնվող ճանապարհին՝ շփման գծից մոտ 1 կմ հեռավորության վրա:
- Դժգոհելով իրենց կորուստներից՝ ադրբեջանական իշխանությունները միգուցե սխալմամբ մտածում էին, թե նման հարձակումն ու մեր քաղաքացիների սպանությունը համապատասխան արձագանք չէր ստանա դեպքի վայրի հարակից արցախյան մարտական դիրքից: Այնինչ մենք լրիվ իրավունքներն ունենք պաշտպանելու մեր քաղաքացիներին ադրբեջանական հանցագործություններից ու ցեղասպանական գործողություններից:
Սա ադրբեջանական ալիևյան ռեժիմի էթնիկ զտման քաղաքականության հստակ շարունակություն է՝ 84-օրյա շրջափակմանը զուգահեռ:
Ադրբեջանը ոչ միայն չի կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումը մարդկանց, մեքենաների ու բեռների համար Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, այլև՝ այսպիսի ագրեսիվ գործողություններով վատթարացնում է հումանիտար ճգնաժամն Արցախում: Ի դեպ, ՄԱԿ-ի դատարանը մերժել է ադրբեջանական դիմումը հայկական ականների վերաբերյալ՝ արձանագրելով, որ բավարար ապացույցներ չկան դրանց վերաբերյալ:
Ադրբեջանի ալիևյան բռնապետական ռեժիմը պետք է պատժվի միջազգային հանրության կողմից այս և նախորդ հանցագործությունների, այդ թվում՝ շրջափակման համար, այլապես նրանք ավելացնում են ագրեսիվության մակարդակը և պատրաստվում են նոր ու ավելի դաժան հանցագործություններ կատարել մարդկության և Արցախի ժողովրդի դեմ:
Հ.Գ. Խորին վշտակցությունս զոհված ոստիկանների հարազատներին և շուտափույթ բուժում վիրավոր ոստիկանին»,- գրել է Բեգլարյանը: