Այսօր տեխնոլոգիական ոչ բոլոր ընկերություններն են կրճատում անձնակազմը. կիսահաղորդիչներ արտադրող թայվանական TSMC ընկերությունը նախատեսում է 2023 թ. աշխատանքի ընդունել ավելի քան 6000 երիտասարդ ինժեների:
Ընկերությունն առաջին հերթին հետաքրքրված է երիտասարդ ինժեներներով, որոնք էլեկտրատեխնիկայի կամ ծրագրային ապահովման ճարտարագիտության ոլորտում կրտսեր մասնագետի, բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի կոչում ունեն։ Ընդորում, ընկերությունը նախատեսում է այս մասնագետներին փնտրել Թայվանի բոլոր քաղաքներում: Միևնույն ժամանակ, նոր աշխատողների աշխատավարձերը ցածր չեն լինի. մագիստրոսի կոչում ունեցող մասնագետը կարող է ակնկալել տարեկան 65,578 դոլար մեկնարկային աշխատավարձ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, աշխատանքի ընդունման այս ալիքը տեղի կունենա կիսահաղորդիչների համաշխարհային շուկայում առկա անկման ֆոնին: 2021 թ․ ընկերությունն իր անձնակազմն ավելացրել է 14,64%-ով՝ մինչև 65,152 մարդ, իսկ մեկ տարի առաջ՝ 10,79%-ով։ Դեռ հայտնի չէ, թե քանի նոր աշխատակից է հայտնվել ընկերությունում 2022 թ․, քանի որ ընկերության տարեկան հաշվետվությունը դեռ պատրաստ չէ։ Ինչևէ, այս տարի ևս 6000 մարդու աշխատանքի ընդունելու դեպքում ընկերության անձնակազմը կավելանա գրեթե 10%-ով։
Միևնույն ժամանակ, չի կարելի ասել, որ ՏՏ ճգնաժամը բացարձակապես չի ազդել TSMC-ի վրա. այս տարի ընկերությունը կապիտալ ծախսերը 36,3 մլրդ դոլարից կկրճատի 32 մլրդ դոլարի, իսկ ընթացիկ եռամսյակում եկամուտները, ըստ կանխատեսումների, կնվազեն 5%-ով։
Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտում գործող շատ խոշոր ընկերություններ այժմ լայնամասշտաբ կրճատումներ են իրականացնում։ Yahoo-ն, օրինակ, նախատեսում է կրճատել իր աշխատակիցների ավելի քան 20%-ը՝ մոտ 1600 մարդ:
Կրճատումներ են նախատեսում նաև Boeing-ը, Meta-ն, eBay-ը, Zoom-ը, PayPal-ը, NetApp-ը և շատ այլ ընկերություններ։