Արցախի նախագահն այսօր հայտարարել է, որ «ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է մեզ, որ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս հեռանկարի ու Ադրբեջանի իրական նպատակների մասին բազմիցս զգուշացրել եմ:
Ամենատարբեր առիթներով բարձրաձայնել եմ, ահազանգել, որ Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե Արցախի հետ հավասար հարաբերությունների ստեղծումն ու առկա խնդիրների կարգավորումն է, այլ սեփական պատկերացումների միջոցով Արցախի ադրբեջանացմանը հասնել:
Հիմա նոր Արցախի իշխանությունը ազդանշան է հղում առ այն, որ Ադրբեջանը սպառնում է «կոշտ ու կտրուկ» քայլերի անցնել. մի բան, որն ակնհայտ էր դեռ 2020-ի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Ադրբեջանն առաջին անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի կոպիտ խախտում արեց ու վերահսկողություն հաստատեց Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերի նկատմամբ:
2-3 տարի է ՀՀ իշխանությունը հասարակությանն ակնհայտ մոլորեցնում է տարաբնույթ «խաղաղասիրական» օրակարգերով, իսկ իրականում նոր պատերազմ, նոր զոհեր բերում:
Արցախի իշխանությունը որոշակի պարբերությամբ թվացյալ դիմադրություն է ցույց տալիս ՀՀ իշխանության դավադիր քաղաքական կուրսին, սակայն ամենապատասխանատու փուլում «կուլ գնում» և հնազանդվում Երևանից իջեցվող չափազանց վտանգավոր օրակարգերին:
Հերթական ծանրագույն հանգրվանում ենք` անկանխատեսելի հետևանքներով»։