Գիտնականները ցույց են տվել ամենաօրիգինալ մայր պլատան. այն պատրաստված է սնկի հիման վրա
Advertisement 1000 x 90

Գիտնականները ցույց են տվել ամենաօրիգինալ մայր պլատան. այն պատրաստված է սնկի հիման վրա

Արևմտյան Անգլիայի համալսարանի ոչ ավանդական հաշվողական լաբորատորիայի աշխատակիցները ներկայացրել են աշխարհի ամենաօրիգինալ մայր պլատաներից մեկը, որը որպես հաշվողական համակարգի մաս օգտագործում է սնկային կուլտուրաներ: Եվ այո՛, դա իսկապես աշխատում է:

Ինչպես տեղեկացնում է Tomshardware-ը, մայր պլատայի վրա օգտագործվում է միցելիում, որը սնկերի վեգետատիվ մարմին է։ Սնկերը, ինչպես ցույց է տվել նախորդ հետազոտություններից մեկը, կարող են «շփվել» միմյանց հետ՝ միցելիումի միջոցով էլեկտրական ազդանշաններ փոխանցելով: Միցելիումը, ինչպես պարզել են գիտնականները, ի վիճակի է ոչ միայն ուղարկել և ստանալ էլեկտրական ազդանշաններ, այլև «հիշել» տվյալները, մոտավորապես ինչպես ուղեղը, որտեղ ձևավորվում են սովորություններ: Միցելիումի այս բոլոր հատկությունները գիտնականներին հանգեցրել են այն մտքին, որ այն կարող է օգտագործվել նաև որպես հաղորդիչ:

Հենց դա էլ արել են գիտնականները՝ պրոֆեսոր Էնդրյու Ադամացկիի ղեկավարությամբ։ Ստացված համակարգը, իհարկե, կատարողականի առումով չի կարող մրցել հզոր պրոցեսորներով հագեցած սովորական համակարգիչների հետ։ Այնուամենայնիվ, սնկային համակարգիչներն ունեն իրենց առավելությունները. մասնավորապես, ինքնագեներացման հատկության շնորհիվ նրանք դրսևորում են անսարքությունների նկատմամբ բարձր հանդուրժողականություն և ավելի լավ վերակարգավորելիություն, քանի որ դրանք կարող են աճել և զարգանալ: Բացի դրանից, սնկային սարքերն սպառում են նվազագույն քանակի էներգիա։

«Առայժմ մեր հետազոտությունը կոչված է ցույց տալու, որ նման համակարգիչների ստեղծումը հնարավոր է։ Մենք պարզապես ցույց ենք տալիս, որ միցելիումի օգնությամբ հնարավոր է կատարել հաշվարկներ, իրականացնել հիմնական տրամաբանական սխեմաներ և հիմնական էլեկտրոնային սխեմաներ։ Ապագայում մենք կկարողանանք ավելի լավ համակարգիչներ և կառավարող սարքեր ստեղծել միցելիումի հիման վրա»,- ասել է Ադամացկին։

Իհարկե, դա շուտ տեղի չի ունենա․ քիչ հավանական է, որ առաջիկա տարիներին մենք լիարժեք սնկային համակարգիչ կտեսնենք։ Գաղափարը, սակայն, հետաքրքիր և խոստումնալից է թվում։ Միգուցե ապագայում մենք ոչ թե ChatGPT-ի պես արհեստական բանականությանը կխնդրենք ինչ-որ բան որոնել համացանցում, այլ մայր պլատայի վրա գտնվող սնկերին։

News.am