ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչության 911 ծառայությունը փետրվարի 11-ին ժամը 11:00-ին ահազանգ է ստացել Արթիկ քաղաքից՝ բազմաբնակարան շենքի տանիքի փլուզման վերաբերյալ:
Դեպքի վայր մեկնած Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել է, որ ձյան շերտի հաստության պատճառով փլուզվել է Սասունցի Դավիթ 3/2 բնակելի շենքի տանիքի մի հատվածը: Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻ ՇՄ փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանը, հիմնականում փլուզվել է ընդհանուր տանիքի 150 քառակուսի մետր հատվածը, իսկ այս պահին փլուզման վտանգ էլ կա 120 քառակուսի մետր տարածքի: Զոհ և ավերվածություն չի գրանցվել: Բնակիչներին տարհանման խնդիր չկա:
«Տեղյակ է պահվել Արթիկի քաղաքապետարան, կազմվել է հանձնաժողով, որն էլ ուսումնասիրություններից հետո կմշակի քայլեր:Հանձնաժողովը կուսումնասիրի նաև վտանգի ենթակա մյուս շենքերը կամ սեփական տները»,-նշեց Արթուր Կարապետյանը՝ փաստելով, որ ըստ անհրաժեշտության աշխատանք կատարելու դեպքում, փրկարարական ծառայության կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ժապավենապատում կամ տարհանում, բայց այս պահի դրությամբ դրա անհրաժեշտությունը չկա: