Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Գևորգ Պետրոսյանի ձերբակալման մասով.
«Գեւորգին կոտրել չեք կարող.
Սպանել՝ էդ կարող եք
Այս պահին Գեւորգ Պետրոսյանը Մասիվի ոստիկանական բաժանմունքում է եւ «ինտելեկտը վիրավորված ու ահաբեկված» պարեկների հետ առերեսում է։
Երեկ, երբ մինչեւ 20 IQ-ի թեսթային ռեժիմը հաղթահարած պարեկները մի ողջ գվարդիայով Գեւորգին բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք, Գեւորգի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ կանչված շտապ օգնության բժիշկներն առաջարկել են տեղափոխել հիվանդանոց, ինչը պարեկները չեն արել եւ իրենց իջեցված ցուցումի համաձայն՝ Գեւորգին տեղափոխել են ձերբակալված անձանց պահպանման վայր։
Հիմա ասում եմ ձեզ՝ Գեւորգը լուրջ առողջական խնդիրներ ունի եւ մշտապես պիտի լինի բժիշկների հսկողության տակ։
Հետո չասեք՝ չգիտեինք։
Գեւորգին, մեկա, դուք կոտրել չեք կարող, բայց սպանել կարող եք, ինչպես սպանեցիք Արմեն Գրիգորյանին։
Էկեք թարգեք էս ձեր դիշովի շոուն։
Դուք Գեւորգ կոտրել եւ լռեցնել չեք կարող։
Իսկ սպանել, հա, էդ կարող եք»։
Նշենք, որ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«Գևորգ Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալումից ազատ արձակվեց, գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,- գրել է նա։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։
Ըստ ոստիկանության՝ Պետրոսյանը չէր ենթարկվել պարեկային ծառայության աշխատակիցների պահանջին: