2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։
Նախնական տվյալներով վերջիններս վնասվածքներն ստացել են մարտի 15-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Սիսիան-Իշխանասար ճանապարհի 3 կմ հատվածում նրանցից մեկի կողմից վարած Մերսեդես CLK 320 մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն:
Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել: Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- գրել է նա։