Արեգակի վրա պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով «մուգ պլազմա» է արտանետվել տիեզերք և հանգեցրել է G2 դասի (չափավոր) գեոմագնիսական փոթորկի։ Սա իր հերթին հանգեցրել է Երկրի բևեռների մոտ տարածքներում ռադիոկապի խափանման:
Արեգակի վրա այս ժայթքումը մարտի 11-ին ֆիքսել են NASA-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանը (SDO) և Արեգակնային և հելիոսֆերային աստղադիտարանի արբանյակը (SOHO): Վերջինս Երկիր մոլորակի շուրջը պտտվող տիեզերանավ է, որը կառավարվում է NASA-ի և Եվրոպական տիեզերական գործակալության կողմից:
Ըստ Spaceweather.com-ի՝ SOHO-ն ֆիքսել է պլազմայի փոքր-ինչ մուգ հոսք, որը հայտնի է որպես կորոնային զանգվածի արտանետում, որն առաջացել է արևի հարավարևմտյան հատվածում։ Աղբյուրը պարզաբանում է, որ այդ «մուգ պլազման» իրականում մուգ չէ բառի բուն իմաստով. այս պլազման ավելի շուտ ավելի սառը և պակաս լուսավոր է, քան հետևի ֆոնում գտնվող արևը և ավելի խիտ է, քան այն շրջապատող գազը արևի մթնոլորտում:
Կորոնային զանգվածի արտանետման ազդեցությունը Երկրի վրա այսօր զգացվել է բևեռափայլերի և չափավոր ու կարճատև G2 դասի գեոմագնիսական փոթորիկի տեսքով:
Արևային ֆիզիկոս Քիթ Սթրոնգը թվիթերում գրել է, որ փոթորիկը խաթարել է ռադիոկապը Երկրի բևեռներին մոտ տարածքներում և կարող է խանգարել ավիաընկերությունների ճանապարհորդություններին այդ շրջաններում։
Թեև գեոմագնիսական փոթորիկների մեծ մասն էական ազդեցություն չի ունենում Երկրի վրա, սակայն առավել ուժեղ արևային փոթորիկները կարող են լայնամասշտաբ խափանումների հանգեցնել ցամաքային տեխնոլոգիաների վրա: Այդպիսի փոթորիկներից մեկը տեղի է ունեցել 1859 թ․ և շարքից հանել էր հեռագրական գծերը։
Իսկ 1989 թ․ մարտի 13-ին հզոր գեոմագնիսական փոթորկի պատճառով (թեև ավելի թույլ, քան 1859 թ․ տեղի ունեցածը) Քվեբեկում 6 միլիոն մարդ 9 ժամով զրկվել էր էլեկտրականությունից։