Agility Robotics ընկերությունը ներկայացրել է երկոտանի Digit ռոբոտի նոր տարբերակը: Եթե պահեստային և այլ աշխատանքներ կատարելու համար նախատեսված նախորդ տարբերակը չուներ գլուխ և աչքեր, ապա նորույթը և՛ գլուխ ունի, և՛ աչքեր, և սկսել է ավելի շատ նմանվել մարդու: Ենթադրվում է, որ երկու անիմացիոն LED աչքերի առկայությունը կբարելավի մարդկանց հետ փոխազդեցությունը, տեղեկացնում է The Verge-ը:
Agility Robotics-ն իր անգլուխ ռոբոտը ներկայացել էր 2020 թ․։ Ընկերությունը նշել էր, որ ռոբոտն օգտակար է արդյունաբերության տարբեր ոլորտներում՝ լոգիստիկայից մինչև արդյունաբերական ստուգումներ։ Ռոբոտը նույնիսկ կարող է օգտագործվել որպես «ավատար»՝ դեպքի վայրում հեռահար ներկայության համար: Բացի դրանից, մոդելը պետք է որոշ առաջադրանքներ կատարեր մարդկանց հետ հավասար և զբաղեցներ մոտավորապես նույնքան տարածք, ուստի այն ունի 180 սմ-ից մի փոքր պակաս հասակ և երկոտանի է:
Ռոբոտի նոր տարբերակին գլուխ և աչքեր ավելացնելը զուտ կոսմետիկ բնույթ չի կրում։ Ընկերության ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ սենսորներով հագեցած գլուխը մարդկանց թույլ կտա ավելի լավ հասկանալ Digit-ի գործողությունները․ ռոբոտի աչքերը ցույց կտան կարևոր տեղեկություններ, ինչպիսիք են ուղղությունը փոխելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու մտադրությունը: Բացի դրանից, փոխվել է ռոբոտի ձեռքերի դիզայնը, ինչի շնորհիվ ռոբոտի համար այժմ ավելի հեշտ կլինի վերցնել և տեղափոխել պլաստիկ տարաները, որոնք հաճախ օգտագործվում են պահեստներում:
Այնուամենայնիվ, չնայած Digit-ի հնարավորությունները մնում են սահմանափակ՝ ռոբոտը կարող է քայլել, կռանալ, բարձրանալ աստիճաններով և կատարել այլ պարզ գործողություններ։ Դրա հիմնական առաջադրանքը մինչև 16 կգ կշռող առարկաներ բարձրացնելն ու իջեցնելն է։
Դեռևս հայտնի չէ, թե որքան կարժենա ռոբոտը այն ձեռնարկություններին, որոնք ցանկանում են գնել այն, սակայն Agility Robotics-ը սկսում է Agility Partner ծրագիրը, որը գործընկերներին կտրամադրի «բացառիկ հնարավորություն՝ ձևավորելու Digit-ի հմտություններն ու կարողությունները»։ Ռոբոտի նոր տարբերակը ձեռք բերել սկզբում կկարողանան միայն այս նախաձեռնության մասնակիցները: