Սմարթֆոնների անլար լիցքավորման նոր կայանը, որն ակնհայտորեն ոգեշնչված է Cybertruck էլեկտրական պիկապ բեռնատարի դիզայնից, կգրավի ոչ միայն Tesla-ի երկրպագուներին, այլև գրեթե բոլոր նրանց, ովքեր ունեն հեռախոս: Այնուամենայնիվ, այս սարքն ունենալու համար ստիպված կլինեն 300 դոլար վճարել։
Ինչպես նշում է The Verge-ը, այսօր շուկայում կան բազմաթիվ անլար լիցքավորիչներ․ կան հայտնի տարբերակներ, ինչպիսիք են Belkin-ը և Anker-ը, և մեծ թվով «անանուն» ապրանքանիշներ։ Tesla-ի սարքը, չնայած բարձր գնին, բոլոր հնարավորություններն ունի դառնալու այս ոլորտում ամենահաջողակներից մեկը, հատկապես Apple AirPower-ի չեղարկումից հետո:
Tesla-ի լիցքավորման կայանն ալյումինից է և ունի 220×130 միլիմետր չափեր, այն կարող է միաժամանակ լիցքավորել մինչև 3 սմարթֆոն։ Մագնիսական թեք տակդիրով սարքը կշռում է 1026 գրամ, իսկ առանց դրա՝ 747 գրամ։ Սարքի վերին վահանակը պատված է ալկանտարայով, որը պետք է պաշտպանի այն քերծվածքներից։
Վերին վահանակի տակ չորս շերտով 30 պարույր է տեղադրված, այնպես որ սմարթֆոնը կարելի է դնել վահանակի ցանկացած կետում, և այն կսկսի լիցքավորվել։ Այս հնարավորությունն ապահովում է FreePower տեխնոլոգիան։