Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով. Արմեն Մուրադյան
Advertisement 1000 x 90

Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով. Արմեն Մուրադյան

Հայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Բացի սննդի բավարար քանակությունից, կառուցվածքից և ճիշտ սննդակարգից կարևոր նշանակություն ունի նաև սննդի անվտանգությունը: Համաձայն միջազգային տվյալների, շուրջ 600 միլիոն մարդ (աշխարհում 10 մարդուց գրեթե 1-ը) հիվանդանում է աղտոտված սնունդ ուտելու հետևանքով, և 420.000-ը մահանում են ամեն տարի, ինչը հանգեցնում է առողջ կյանքի 33 միլիոն տարիների կորստի:

Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային ուշադրությունը սննդի և հատկապես կաթնամթերքի որակի նկատմամբ՝ «Հերացի» վերլուծականը ամփոփել է սննդի անվտանգության վերաբերյալ առկա տեղեկատվություն:

Ցավոք, մինչև 5 տարեկան երեխաները կրում են վտանգավոր սննդամթերքով պայմանավորված հիվանդությունների բեռի 40%-ը, որի հետևանքով ամբողջ աշխարհուն տարեկան արձանագրվում է 125.000 մահ:

Սննդամթերքով փոխանցվող հիվանդությունները խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ծանրաբեռնելով առողջապահական համակարգերը և վնասելով ազգային տնտեսություններին, զբոսաշրջությանը և առևտրին։

Այսպես, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, անապահով սննդի հետևանքով տարեկան կորցվում է 110 միլիարդ ԱՄՆ դոլար արտադրողականության և բժշկական ծախսերի պատճառով:

Սննդի անվտանգության հարցն արդիական է նաև Հայաստանի համար, զգալի թիվ են կազմում աղիքային վարակների ցուցանիշները, ինչպես նաև քաղաքացիների կողմից սննդային թունավորումների մասին հաղորդումները:

Մասնավորապես, 2018-2022թթ. տարեկան միջինում գրանցվել է այլ սալմոնելոզային վարակների շուրջ 582 դեպք, այլ մանրէային աղիքային վարակների 2621 դեպք, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5011 դեպք:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. գրանցված դեպքերն ունեն հետևյալ թվային տեսքը.  այլ սալմոնելոզային վարակ՝ 652 դեպք, որից 323-ը կազմել են 0-6 տարեկան երեխաները, այլ մանրէային աղիքային վարակների 2730 դեպք, որից 1597-ը 0-6 տարեկան երեխաներ,  ճշտված այլ աղիքային վարակների 794 դեպք, որի գերակշիռ մասը՝ 615-ը եղել են 0-6 տարեկան երեխաները, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5527 դեպք, որից 2678-ը 0-6 տարեկան երեխաներն են:

Ինչպես նաև 2022թ. արձանագրվել է մանրէային սննդային թունավորման 43 դեպք:

ՏՏ-ների հարցումների տվյալները վկայում են, որ սննդային թունավորում մի քանի տարին մեկ անգամ ունեցել են հարցվածների 6.6%-ը, տարին մեկ կամ երկու անգամ՝ 3.4%-ը և երբեք չեն ունեցել՝ 89.2%-ը:

Այս առումով հայաստանյան ցուցանիշները համապատասխանում են միջազգային տվյալներին և էապես չեն տարբերվում:

Այսպիսով, Հայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով, յուրաքանչյուր տարի արձանագրվում է շուրջ 9000 աղիքային վարակի դեպք, որոնք հաճախ պայմանավորված են անորակ սննդի և ձեռքերի հիգիենայի կանոնների խախտման հետ:

Անվտանգ, գործող ստանդարտներին և նորմերին համապատասխանող սնունդը բնակչության առողջության պահպանման կարևորագույն նախապայմաններից է, հետևաբար համալիր ջանքերը այդ անվտանգության բարձրացման ուղղությամբ արդիական են առաջնահերթ»։



Նման նյութեր