Apple-ը թողարկել է iPhone հեռախոսների համար նախատեսված iOS 16.4 թարմացումը, որում ընկերությունը շտկել է սխալները և բարելավել օպերացիոն համակարգի կայունությունը, ինչպես նաև ավելացրել մի շարք նոր գործառույթներ և ավելի քան երկու տասնյակ էմոջի:
Ինչպես տեղեկացնում է The Verge-ը, նոր օպերացիոն համակարգը մոտ 250 ՄԲ է, երբ թարմացվում է վերջին բետա տարբերակից, և մոտ 2 ԳԲ՝ iOS 16.3-ից թարմացնելու դեպքում։ iOS 16.4-ը կարող եք ներբեռնել՝ անցնելով iPhone-ի Settings → General → Software update մենյու։
iOS 16.4-ի հիմնական առանձնահատկություններից մեկը նոր էմոջիներն են՝ դողդոջուն դեմք, վարդագույն, կապույտ և մոխրագույն սիրտ, կաղամբ, սագ, թև, մեդուզա, հակինթ և այլն, ընդհանուր՝ 21 նոր էմոջի։
Ձայնի մեկուսացման գործառույթն այժմ հասանելի է նաև սովորական զանգերի համար: Հեռախոսազանգի ժամանակ այն վերացնում է կողքից լսվող աղմուկը, ինչի շնորհիվ ձայնն ավելի լավ է լսվում։ Նախկինում այս գործառույթը հասանելի էր միայն FaceTime զանգերի, մեսենջերների և VoIP զանգերի համար:
Թարմացման շրջանակում ավելացվել են նաև Push ծանուցումներ վեբ հավելվածների համար: Կրկնվող լուսանկարների որոնիչն այժմ հասանելի է iCloud Shared Photo Library-ում: Բացի դրանից, արդեն կարելի է ավտոմատ կերպով մգեցնել տեսանյութը, երբ կադրում ուժեղ լույս է երևում: Շտկվել է նաև խնդիրը, երբ երեխաներից ստացվող գնման հարցումները կարող էին չհայտնվել ծնողի սարքում:
Նոր թարմացման շրջանակում շտկվել են նաև խնդիրները, որոնց պատճառով թերմոստատները չէին արձագանքում Apple Home-ի հետ զուգակցվելիս: Վթարի հայտնաբերման ֆունկցիան նույնպես օպտիմիզացվել է iPhone 14-ի և iPhone 14 Pro-ի համար:
iOS 16.4 թարմացումը հնարավոր է տեղադրել հետևյալ սարքերի վրա․
- iPhone 8 և 8 Plus,
- iPhone X,
- iPhone XS, XS Max և XR,
- iPhone 11, 11 Pro և 11 Pro Max,
- iPhone SE 2020, SE 2022,
- iPhone 12, 12 mini, 12 Pro և 12 Pro Max,
- iPhone 13, 13 mini, 13 Pro և 13 Pro Max,
- iPhone 14, 14 Plus, 14 Pro և 14 Pro Max։
iOS 16.4-ի որոշ նոր գործառույթներ կարող են հասանելի չլինել՝ կախված նրանից, թե որ տարածաշրջանում է օգտագործվում սարքը, որի վրա տեղադրվել է թարմացումը։