Steam խաղային հարթակը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարեցնի Windows 7-ի եւ Windows 8/8.1-ի աջակցությունը եւ կաշխատի միայն Windows 10 եւ 11 համակարգով աշխատող համակարգիչներում: Այս մասին Steam-ի կայքում հայտարարել է Valve-ը:
Ըստ ծրագրավորողների՝ Steam-ի նորագույն գործառույթները հիմնված են Google Chrome-ի ներկառուցված տարբերակի վրա, որն այլեւս չի աշխատում Windows-ի հին տարբերակներում: Բացի դրանից, Steam-ում նախատեսում են գործառույթներ եւ անվտանգության թարմացումներ, որոնք հասանելի են միայն Windows 10 եւ ավելի բարձր տարբերակներում:
Հին օպերացիոն համակարգերի աջակցության դադարեցումը կազդի խաղացողների միայն 2 տոկոսի վրա. Steam-ի վիճակագրության համաձայն՝ այսօր հարթակում գեյմերների միայն մոտ 1,5 տոկոսն է օգտվում Windows 7-ից, եւ միայն մոտ 0,36 տոկոսը՝ Windows 8.1-ից:
Օպերացիոն համակարգերից առաջատարը Windows 10-ն է․ այն օգտագործում է Steam-ի խաղացողների գրեթե 65 տոկոսը: Windows 11-ին բաժին է ընկնում մոտավորապես 33 տոկոսը:
Նշենք, որ Microsoft-ը Windows 7 օպերացիոն համակարգի ընդլայնված աջակցությունը դադարեցրել է 2020 թվականի հունվարի 14-ին: Համակարգիչները, որոնք աշխատում են համակարգի այս տարբերակով, շարունակում են աշխատել, բայց այլեւս չեն ստանում անվտանգության թարմացումներ, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում հարձակումների նկատմամբ:
2023 թվականի հունվարի 10-ին Microsoft-ը դադարեցրել է նաեւ Windows 8.1-ի աջակցությունը եւ բոլոր օգտատերերին առաջարկել է անցնել Windows 11-ին: