Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, Իրանը ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց
Advertisement 1000 x 90

Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, Իրանը ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց

Միջազգայնագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը գրում է․

«Վերջին շրջանում Իրանի շուրջ բավականին հետաքրքիր իրադարձություններ են զարգանում: Խոսք էր գնում Իրանի դեմ լայն կոալիցիայի ձևավորման, ինչպես նաև ռազմական գործողություններ սկսելու մասին: Դրա խայծը համարվում էր և շարունակում է համարվել Ադրբեջանը, որից պետք է օգտվեն Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ն, և դրա մասին բացեիբաց հայտարարում են բոլորը:

Սակայն, հետաքրքիր զուգադիպությամբ, Իրանի շուրջ սեղմվող օղակը ճաքեր տվեց մի շարք իրողությունների ձևավորմամբ, և նման «միասնական օպերացիայի» հավանականությունը մի փոքր նվազեց, բայց իհարկե չվերացավ։

  1. Նախ, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը և նախատեսված ընտրությունները, իհարկե, կարճաժամկետ կտրվածքով, այդուհանդերձ, վերաշարադրեցին թուրքական իշխանությունների առաջնահերթությունները:
  2. Չինաստանի միջնորդությամբ և երաշխիքներով Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների կարգավորումը հնարավորություն տվեց Իրանին հասանելի բոլոր տեսակի ռեսուրսները վերախմբավորել այլ ուղղություններով: Բնականաբար, այս հաշտեցումը չէր համապատասխանում Իսրայելի, Թուրքիայի և ԱՄՆ շահերին, ինչի մասին առիթ ունեցել եմ գրելու:
  3. Իսրայելում վերջին օրերին սկիզբ առած ներքաղաքական լուրջ ճգնաժամը Թել-Ավիվի իշխանություններին նույնպես ստիպեց կարճաժամկետ կտրվածքով վերաշարադրել առաջնահերթությունները, այդ թվում՝ հայտարարվող «Իրանի դեմ գործողությունների» մասով, մանավանդ որ Նեթանյահուի նկատմամբ ԱՄՆ-ից էլ ճնշում կա:
  4. ԱՄՆ-ն կանգնած է նախընտրական եռուզեռի եզրին և արտաքին քաղաքականության մեջ դեմոկրատները չեն կարող ռիսկային քայլերի գնալ, քանի որ ունեցել են լուրջ տապալումներ և ցանկացած ցնցում, կամ առավել ևս տապալում, խաղալու է ի օգուտ հանրապետականների թեկնածուի:

Չեմ բացառում, որ օրեր առաջ տեղի ունեցած Իրան-Ադրբեջան «օնլայն պատերազմը» զսպաշապիկ էր, որից հետո Իրանն, ամենայն հավանականությամբ, ՌԴ-ի միջոցով Ադրբեջանին մեսիջ ուղարկեց, որ լուրջ է տրամադրված:

Իհարկե, հավանականություն կա, որ որոշ երկրներ կարող են նաև ներքաղաքական խնդիրները խլացնելու նպատակով արտաքին արկածախնդրության գնալ, բայց ոչ բոլորը և ոչ միաժամանակ:

Այս ամենը նշանակում է, որ բոլորը մի կարճ ժամանակ զբաղված են լինելու այլ հարցերով, ինչը ժամանակավոր պատուհան է բացում նաև մեզ համար՝ թեկուզ Սյունիքի անվտանգության ապահովման համար:

Չնայած, ու՞մ եմ ասում…», – Facebook-ում գրել է Սարգսյանը։



Նման նյութեր