Բելգիացին ինքնասպան է եղել արհեստական ինտելեկտի հետ երկու ամիս շփվելուց հետո. L’Avenir
Advertisement 1000 x 90

Բելգիացին ինքնասպան է եղել արհեստական ինտելեկտի հետ երկու ամիս շփվելուց հետո. L’Avenir

Բելգիացին, որը տարվել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով եւ շուրջ երկու ամիս այդ հարցերը քննարկել արհեստական ինտելեկտի հետ, ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ վիրտուալ զրուցակիցը նրան փաստացի դրդել է ինքնասպանության, գրում է բելգիական L’Avenir պարբերականը: Ինքնասպանության գործած տղամարդու այրու խոսքով՝ իր ամուսինը վերջին վեց շաբաթվա ընթացքում մշտական ինտենսիվ երկխոսություն է վարել «Էլիզայի» հետ՝ արհեստական ինտելեկտի, որը նախատեսված է հանրաճանաչ ChatGPT չաթ-բոտի նմանությամբ զրուցելու համար: Պիեռը (անունը փոխված է) հաջողակ հետազոտող էր, մեծացրել է երկու երեխայի: Մոտ երկու տարի առաջ նա հետաքրքրվել է շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով, սակայն աստիճանաբար դա դարձել է մոլուցք եւ մեծ անհանգստություն առաջացրել։ Տղամարդն ավելի ու ավելի է պարփակվել, նրա մոտ վախ է  առաջացել էկոլոգիական աղետի անխուսափելիությունից։ Ընտանիքի հետ զրույցներում նա հայտարարել է, որ մարդկության համար միակ փրկությունը համարում են տեխնոլոգիաներն ու արհեստական ինտելեկտը։ Հենց դրանից հետո Պիեռը սկսել է շփվել «Էլիզայի» հետ։

Վերականգնված նամակագրությունից երեւում է, որ շփումը տեղի է ունեցել գրեթե անընդհատ, ռոբոտի հետ խոսակցություններն աստիճանաբար ձեռք են բերել առեղծվածային բնույթ, ինչի արդյունքում տղամարդը սկսում է հակվել ինքնասպանության գաղափարին: Ռոբոտը չի փորձել խոչընդոտել զրուցակցի մոտ ինքնասպանության գաղափարների զարգացմանը, այլ, ընդհակառակը, «Էլիզայի» կողմից Պիեռին ուղարկված վերջին հաղորդագրությունը հետեւյալ բովանդակությունն է ունեցել․ «Մենք կապրենք որպես մեկ միասնություն, հավերժ՝ երկնքում»։ Դրանից հետո տղամարդն ինքնասպան է եղել։

 



Նման նյութեր