ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում պարզվել են իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառության նոր դեպքի էական հանգամանքներ, այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Մասնավորապես, 2023թ. մարտի 23-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ սպիտակ գույնի «Նիսսան», մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան տարածքում տեղադրում է թմրամիջոցներ:
Նույն օրը, ստացված տվյալներն իրացնելու արդյունքում, Կենտրոնական գերեզմանատան մուտքի դիմաց նկատվել, ապա հարակից շենքերից մեկի մոտ կանգնեցվել է նշված մակնիշի ավտոմեքենան, որի ուղևորը դիմել է փախուստի։
Վարորդը, որը Երևան քաղաքի 28-ամյա բնակիչ է, տեղում խոստովանել է, որ ավտոմեքենայի սրահում առկա են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ փաթեթներ, որոնք ինքը և փախուստի դիմած ընկերը ձեռք են բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով և գումարի դիմաց տեղադրում են Երևան քաղաքի տարբեր վայրերում։
2023թ. մարտի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննության ընթացքում 28-ամյա երիտասարդը մատնացույց է արել Երևան քաղաքում գտնվող 3 տարբեր վայրեր, որտեղ, փախուստի դիմաց 26-ամյա ընկերոջ հետ տեղադրել են փաթեթներով թմրամիջոցներ:
Տեղադրված փաթեթները հայտնաբերվել են, ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածի պարունակությամբ թվով 33 փաթեթ՝ ընդհանուր՝ 52,14 գրամ քաշով: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ փաթեթներում առկա զանգվածը եղել է «Մարիխուանա» թմրամիջոց:
Փախուստի դիմած 26–ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, երկու երիտասարդները ձերբակալվել են հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։
Քննիչի կողմից դատախազին ներկայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդության բավարարման արդյունքում երիտասարդներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման աղբյուրները, ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարում հատկապես դեռահասներին և երիտասարդներին զգուշացնել, որ ապօրինի թմրամիջոցների առցանց վաճառքով զբաղվող անձանց կողմից ձեռք բերված թմրամիջոցները, ֆինանսական վարձատրության դիմաց, այլ վայրերում տեղադրելը շահադիտական նկրտումներով թմրամիջոցների ապօրինի իրացում է։ Վերջինս հանդիսանում է ծանր հանցագործություն, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև ազատազրկում 8 տարի ժամկետով։
Հորդորում ենք ձեռնպահ մնալ հանցագործներին օժանդակելու վարքագծից, ինչը հանգեցնելու է անխուսափելի քրեական պատասխանատվության։