GPT-5-ը կարող է չտարբերվել մարդկանցից եւ նույնիսկ գերազանցել նրանց. որո՞նք են ԱԲ-ի արագ զարգացման ռիսկերը
Advertisement 1000 x 90

GPT-5-ը կարող է չտարբերվել մարդկանցից եւ նույնիսկ գերազանցել նրանց. որո՞նք են ԱԲ-ի արագ զարգացման ռիսկերը

GPT-5-ը հավանաբար կթողարկվի այս տարվա վերջին (մինչեւ դեկտեմբեր մասնագետները կավարտեն նրա ուսուցումը), եւ շատ փորձագետներ պնդում են, որ այն կարող է չտարբերվել մարդուց, իսկ որոշ ոլորտներում նույնիսկ գերազանցել նրան։

Մշակող Սիքի Չենը կարծում է, որ GPT-5-ն կարող է հասնել AGI-ի մակարդակի (ընդհանուր արհեստական բանականություն), այսինքն՝ ի տարբերություն «սովորական» AI-ի, որը պարզապես կարողանում է որոշակի առաջադրանքներ լավ կատարել, այն կարող է հասկանալ եւ ուսումնասիրել ինտելեկտուալ առաջադրանքները, ինչպես դա անում են մարդիկ եւ որոշ կենդանիներ:

«Ինձ ասացին, որ GPT-5-ի ուսուցումը պետք է ավարտվի այս դեկտեմբերին, եւ OpenAI-ն ակնկալում է, որ այն կհասնի AGI մակարդակին: Սա նշանակում է, որ մենք բոլորս կսկսենք բուռն վիճել հարցի շուրջ, արդյո՞ք նա հասել է AGI-ի մակարդակին։ Իսկ դա նշանակում է, որ դա իսկապես տեղի կունենա», – գրել է Չենը Twitter-ում:

Հասնելով այս մակարդակին՝ արհեստական բանականությունը կսովորի յուրացնել հասկացություններն ու կատարել առաջադրանքները մարդու նման, եւ նրա հետ զրույցը կնմանվի կենդանի զրուցակցի հետ երկխոսության։ Նոր մոդելը շատ ավելի «խելացի» կլինի, քան ChatGPT-ն, որը, սակայն, արդեն այսօր կարողանում է շփվել իրական մարդու պես եւ նույնիսկ կատակել (եւ ոչ ի պատասխան անեկդոտ պատմելու խնդրանքի, այլ տարբեր համապատասխան իրավիճակներում):

Այնուամենայնիվ, հեշտ չի լինի գնահատել, արդյո՞ք լեզվի նոր մոդելը հասել է AGI-ի մակարդակին, քանի որ այս պահին մենք չունենք AGI մոդել, որի հետ կարելի է համեմատել GPT-5-ը:

Ինչպիսի՞ն կլինի GPT-5-ը

ChatGPT չաթբոտը, որն այսօր այնքան տարածված է, հիմնված է GPT-3.5 լեզվի մոդելի վրա: Վերջերս OpenAI-ը ներկայացրել է GPT-4-ը, որն ինտեգրված է չաթ-բոտի պրեմիում տարբերակում, եւ այն հարթակին մի շարք նոր հնարավորություններ է տալիս։

GPT-4-ին արդեն կարելի է ոչ միայն հարցեր տալ, այլեւ ցույց տալ նկարներ եւ մեմեր ու հարցնել, թե ինչ է պատկերված դրանց վրա կամ ինչու է դա ծիծաղելի կամ տարօրինակ, եւ նա կբացատրի: Նրա գրված կոդերը նույնպես զգալիորեն գերազանցում են GPT-3.5-ի կողմից գրված կոդերին:

Սեպտեմբերին կամ հոկտեմբերին OpenAI-ը նախատեսում է թողարկել GPT-4.5 մոդելը, որը կարող է ցույց տալ, թե ինչ ուղղությամբ կզարգանա հարթակը եւ ինչ սպասել GPT-5-ից։

Եթե կանխատեսումները ճիշտ լինեն, GPT-5 AI-ն ոչ միայն կկարողանա մի շարք առաջադրանքներ կատարել մարդուն հավասար, այլեւ կգերազանցի մարդկային մտքի հնարավորությունները տվյալների մշակման եւ բովանդակության ստեղծման առումով:

Ի՞նչ հետեւանքներ կունենա սա

Որոշ փորձագետներ, այդ թվում՝ Իլոն Մասկը եւ Սթիվ Վոզնյակը, վստահ են, որ ԱԲ-ի նման արագ զարգացումը հղի է մեր հասարակության համար լուրջ ռիսկերով։

Future of Life ինստիտուտի կողմից հրապարակված բաց նամակում հազարից ավելի ՏՏ մասնագետներ խնդրում են արհեստական բանականության մշակմամբ զբաղվող լաբորատորիաներին սպասել առնվազն 6 ամիս՝ մինչեւ GPT-4-ից ավելի հզոր համակարգեր մշակելը: Նման մշակումներ նրանք խորհուրդ են տալիս սկսել միայն այն ժամանակ, երբ անվտանգության ընդհանուր պրոտոկոլներ կլինեն:

Բաց նամակի տակ ստորագրած մասնագետների կարծիքով՝ արհեստական բանականության հզոր համակարգեր կարելի կլինի մշակել միայն այն դեպքում, երբ մենք վստահ լինենք, որ դրանց ազդեցությունը կլինի դրական, իսկ ռիսկերը՝ կառավարելի։ Առայժմ, սակայն, մտավախություն կա, որ ԱԲ-ի չափազանց արագ զարգացումը շատ մարդկանց կզրկի աշխատանքից եւ տեղեկատվական ալիքները կհեղեղի քարոզչությամբ եւ կեղծիքներով։ Ավելին, փորձագետները մտավախություն ունեն, որ ԱԲ-ն կարող է «գերազանցել եւ փոխարինել մեզ»:

tribune.am