Շնորհավո՛ր ծնունդդ, Խաչի՛կ Ասրյան
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհրդի անդամներս ջերմորեն շնորհավորում ենք կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, բոլորիս կողմից սիրված ու վստահված, հասարակության մեջ իր աշխատասիրությամբ և ինքնատիպ անհատականությամբ հայտնի Խաչիկ Ասրյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով նրան քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, ազգային-պետական-հայրենասիրական անբասիր գործունեության մեջ հայրենիքի լուսավոր հորիզոններ տանող արծվային անխափան թռիչք:
Խաչիկ Ասրյան ազգային և հասարակական գործչի քսանհինգ տարվա հայրենանվեր գործունեությունը սկսվել է «Նժդեհյան գայլախումբ» ջոկատով, շարունակվել «Սյունաց Արծիվների» հետ` Գարեգին Նժդեհի մասունքների մոտ տված սրբազան երդումով և է՛լ ավելի նպատակային ու հաստատուն օծվել Եռաբլուրում՝ հանրապետության ողջ տարածքում հիմնադրած 301 մասնաճյուղերով՝ որպես հզոր հայրենասիրական շարժում: Խաչիկ Ասրյան պետական գործչի «Իմ միջոցով՝ ազգիս համար» կարգախոսը ուղենիշ է բոլոր արծիվներիս համար: Նա մեզ առաջնորդում է հայ ժողովրդի կարիքի բոլոր ճանապարհներով՝ այնտեղ առանձնացնելով ամենակարևորն ու սրբազանը` ազգային բանակի կողքին լինելու ներքին հրամայականը: Սահմանամերձ համայնքներ, տարբեր զորամասեր ու մարտական հենակետեր, հանդիպումներ զինվորների, հրամանատարների ու վետերանների հետ` ողջը նվիրված սերնդի գաղափարական հայրենասիրական դաստիարակությանը:
Շուրջ 2000 միջոցառում… Այս բոլորի թիկունքում հայրենատեր քաղաքացին ու սրտացավ մարդն է կանգնած, որի խոսքին, ոգուն, նվիրատվություններին ու պարգևներին միշտ էլ սպասում են անձկավ ու սիրով: Մենք Խաչիկ Ասրյանի հետ միասին անցյալ տարվա ապրիլյան թեժ օրերին կամավոր զինվորագրվեցինք հայրենիքի պաշտպանության գործին: Թե մեկ ամսվա ընթացքում, որպես «Հայոց Արծիվներ» ջոկատի հրամանատար, ինչպիսի հոգատարությամբ ու սրտի ցավով էր մոտենում մեզնից յուրաքանչյուրին, դա զգալ ու նրա կողքին լինել էր պետք… Խաչիկ Ասրյանը ղեկավարում է նախարարության մասսայական սպորտի ոլորտը:
Բազմիցս առիթ է եղել մասնակցելու Ծաղկաձորում և այլուր նրա ղեկավարությամբ կազմակերպված մասսայական մարզական միջոցառումներին: Նման աշխատասիրություն և պատասխանատվություն միայն նրանից կարելի է սպասել ու պահանջել: Խաչիկ Ասրյանի խոսքը գործ է, իսկ գործը` միշտ կատարյալ: Այսպիսին է արդեն քառասունյոթը բոլորած երեք հրաշալի զավակների հայր, հոգատար և սիրող ամուսին ու որդի, իր արծիվներին մեծ և հզոր քրիստոնյա Հայաստանի կառուցմանն ուղղորդող մեր առաջնորդը` Խաչիկ Ասրյանը:
Շնորհավո՛ր ծնունդդ, Խաչի՛կ Ասրյան: Քո ոգու պատգամը Հայաստանին և Հայաստանի սերը Քեզ:
Անսասան հավատով՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Խորհուրդ