Փետրվարի 9-ին Հանրապետություն ներթափանցած ցիկլոնի ուժը պահպանվելու է նաեւ առաջիկա 3 օրերին: Սրանով պայմանավորված Հայաստանի տարածքում մինչեւ փետրվարի 15-ը տեղումները որոշակի դադարներով կշարունակվեն: Այդ մասին armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Փետրվարի 16-ի ցերեկը տեղումների առումով դադար է, 16-ի երեկոյան ժամերին եւ գիշերը եւս մի փոքրիկ պրոցես կա, թույլ ձյուն կտեղա հանրապետությունում: Իսկ այնուհետեւ հյուսիս-արեւմուտքից անտիցիկլոն է ներթափանցելու դեպի մեր երկրի տարածք: 17-ի ցերեկվանից սկսած եղանակը կպարզի ու տեղումներն ամենուրեք կդադարեն: Արդեն ամսի 18-ին հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ կլինի»,- մանրամասնեց օդերեւութաբանը:
Հարցին, թե արդյո՞ք եղանակի պարզելու հետ մեկտեղ օդի ջերմաստիճանը կփոխվի, Սուրենյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ սպասվում է ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազում: «Օդի ջերմաստիճանը մինչեւ 17-ն անփոփոխ կմնա: Արարատյան դաշտում գիշերը կլինի -8-10, ցերեկը՝ -2-4, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի: Եվ սրա պատճառը ոչ միայն եղանակի պարզեցումն է, այլեւ արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցումը, անտիցիկլոնի առկայությունը»,- հավելեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետը:
– Գագիկ, կարո՞ղ եք ասել, թե օրինակ Երեւանում ամսի 17-ից հետո որքա՞ն կլինի ջերմաստիճանը:
– Երեւանի ցածրադիր հատվածներում 17-ի լույս 18-ի գիշերը նախնական կանխատեսումներով կլինի մինչեւ -18 աստիճան, բարձրադիր հատվածներում՝ -14-15:
– Այսինքն՝ կարելի՞ է ասել, որ Տրնդեզից հետո եղանակը դեռ չի տաքանա, ինչպես ժողովրդի մեջ ընդունված է համարել:
– ժողովուրդն ինչ ասում է, հակառակն է լինում: -18-ը բուն ձմեռային ջերմային ֆոն է, ի՞նչ տաքացման մասին է խոսքը: Գարնան մասին խոսք լինել չի կարող: Առաջիկա 10 օրերին գարնան որեւէ շունչ մի սպասեք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: