Վահանաձև գեղձը ներզատական համակարգի կարևոր օրգան է, որն արտադրում է թիրոքսին հորմոն (Т4)։ Թիրոքսինն ակտիվ մասնակցություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների վրա։ Որոշ դեպքերում մարդիկ ունենում են առողջական խնդիրներ, երբ նրանց վահանաձև գեղձը խիստ ակտիվացած կամ ընկճված վիճակում է։ Վահանաձև գեղձի հիվանդությունները բավականին տարածված են Հայաստանում: Հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ:
Ի՞նչ խնդիրների ենք բախվում, երբ ունենում ենք վահանաձև գեղձի խնդիր, ի՞նչ ազդեցություն է այն ունենում օրգանիզմում վիտամինների յուրացման դեպքում, արդյո՞ք վնասակար են հիվանդության բուժման ժամանակ օգտագործվող հորմոնալ դեղամիջոցները. հարցերի շուրջ զրուցել ենք էնդոկրինոլոգ (ներզատաբան) Հայկանուշ Համբարձումյանի հետ:
– Չնայած 2006 թվականին Հայաստանը դադարել է յոդի անբավարարության շրջան լինելուց՝ կերակրի աղի յոդացման շնորհիվ, սակայն, ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում վահանաձև գեղձի հիվանդությունների աճ նկատվեց: Դա ինչի՞ հետ է կապված, դեպքերը շա՞տ են բացահայտվում, թե՞ յոդն իր դերը չունեցավ, կամ կապ ունեն գենետիկան, սթրեսը:
– Աղը յոդացվեց, քանի որ յոդի դեֆիցիտի պատճառով ժամանակին ունենում էինք վահանաձև գեղձի մեծացումներ: Եվ այդ պատճառով որպես պրոֆիլակտիկա՝ մտցրեցինք յոդացված աղը: Ցավոք, դա չի նշանակում, որ կանխարգելում ենք նաև ուրիշ խնդիրներ, որոնք լինում են վահանաձև գեղձում. դրանք հանգուցավոր կամ աուտոիմուն փոփոխություններ են: Այդ խնդիրները, ցավոք, յոդի կիրառմամբ հնարավոր չէ կանխել, դրա համար ունենում ենք աճ: Իհարկե, դա կապված է նաև նրա հետ, որ շատ հեշտ հետազոտվող գեղձ է, դիմելիությունը բարձրանում է, դրա համար ավելի շատ խնդիրներ են բացահայտում, քան 20 տարի առաջ:
– Կա նաև յոդացված ձու, և մարդիկ, ովքեր օգտագործում են յոդ պարունակող դեղամիջոցներ, կարո՞ղ են նաև ձուն օգտագործել: Դրանք խանգարո՞ւմ են իրար, թե՞ օգնում:
– Իրականում երբեմն ունենում ենք յոդի ավելցուկ, երբ աղն է յոդացված, ձուն և դրան գումարած՝ նաև յոդի պրեպարատներ են օգտագործում, եթե դա ցուցված չէ, նշանակված չէ բժշկի կողմից: Իհարկե, սա կբերի յոդի ավելի բարձր վիճակների, քան մեզ պետք է:
– Մարդիկ կան, որ իմանում են՝ ունեն վահանաձև գեղձի խնդիր, դիմում են բուսաբուժությանը, ուտում են նաև ընկույզ, ֆեյխոա՝ յոդի քանակն օրգանիզմում լրացնելու համար: Արդյո՞ք այդ մթերքները նպաստում են վահանաձև գեղձի լավացմանը՝ առանց դեղորայքի:
– Իրականում ընկույզի մեջ շատ քիչ է յոդը: Եթե համեմատենք ընկույզն ու ոչ յոդացված ձուն, ապա ձվի մեջ մի տասն անգամ ավելի շատ է յոդ պարունակվում, դրա համար ընկույզի կիրառումը՝ որպես յոդի աղբյուր, իհարկե, այդքան էլ ճիշտ մոտեցում չէ: Ֆեյխոան մի քիչ ավելի շատ է յոդ պարունակում, քանի որ բերվում է Վրաստանից, և այնտեղի մթերքներն ավելի շատ յոդ են պարունակում: Դրա հետ մեկտեղ, քանի որ շատ աղ օգտագործող ազգ ենք, յոդդեֆիցիտային իրավիճակներ հազվադեպ են հանդիպում:
– Հաճախ ներզատաբանները նշում են, որ պետք չէ ուտել կաղամբ, բրոկոլի, քանի որ վնասում են վահանաձև գեղձը: Դա որքանո՞վ է ճիշտ:
– Իրականում ամեն օր պետք է մեկ կիլոգրամ բրոկոլի կամ կաղամբ ուտենք, որ գեղձի վրա վատ ազդեցություն թողնի: Մենք այդ քանակի կաղամբի տեսակներ հնարավոր չէ, որ ուտենք, դրա համար ռացիոնից հանել կաղամբ, բրոկոլի՝ այն քանակով, որ կիրառում ենք, այդքան էլ ճիշտ չէ:
– Վահանաձև գեղձի հիվանդությունները հաճախ ունենում են գենետիկ բնույթ. աուտոիմուն թիրեոդի՞տը, հիպոթիրեո՞զը, թե՞ մեկ այլ տարբերակ է գենետիկորեն փոխանցվում:
– Սովորաբար, եթե ունենք աուտոիմուն վիճակներ, աուտոիմուն թիրեոդիտ, ինչի պատճառով հետագայում զարգանում է հիպոթիրեոզ, հիմնականում ունենում ենք գենետիկ նախատրամադրվածություն:
– Հատկապես կորոնավիրուսից հետո շատ վարակաբաններ նշեցին, որ աուտոիմուն թիրեոդիտի դեպքերը շատացել են: Գիտենք, որ վահանաձև գեղձի հիվանդություններն ուշ են բուժվում, կամ մարդը մինչև կյանքի վերջ ստիպված է դեղ օգտագործել: Այս դեպքում բուժել կլինի՞:
– Սա լրիվ ուրիշ հիվանդություն է: Թիրեոդիտը քրոնիկական հիվանդություն է, որը բերում է հիպոթիրեոզի, և որի պատճառով պացիենտը ստանում է բուժում՝ մինչև կյանքի վերջը: Այն թիրեոդիտների տեսակը, որն ավելացել է հենց վիրուսային հիվանդության ֆոնի վրա և կարող է զարգանալ վիրուսային հիվանդություն կրելուց հետո, ենթասուր թիրեոդիտն է: Սուր վիճակ է, որը բուժում ես, և բացարձակ հետք չի թողնում: Երկարատև բուժման կարիք չի լինում, և այդ առումով այն համարվում է «բարի» հիվանդություն, որովհետև կարճաժամկետ բուժումով կարողանում ես վերականգնել ֆունկցիան և բերել նորմայի: Դեղը հորմոնալ է, միակ միջոցը, որով կարող ես բուժել տվյալ հիվանդությունը:
– Հորմոնալ դեղերից մարդիկ վախենում են. մի մասն ասում է՝ կգիրանամ, մյուս մասն ասում է՝ կվնասվի լյարդը: Ի՞նչ հակացուցումներ ունեն այդ դեղերը:
– Եթե դեղորայքը նշանակվել է ցուցումով, այսինքն՝ կատարվել է հետազոտություն, և դրա արդյունքում ունենք հիպոթիրեոզ, այսինքն՝ վահանաձև գեղձի թերֆունկցիա, և այդ պատճառով է դեղորայք նշանակված, ուրեմն ունեն այդ դեղի կարիքը, և այն չի թողնում բացասական ոչ մի ազդեցություն:
– Մարդիկ կան, որ ունեն հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ, աուտոիմուն թիրեոդիտ: Ախտանշանները տարբերվո՞ւմ են:
– Աուտոիմուն թիրեոդիտը մի վիճակ է, երբ զարգանում է գեղձի բջիջների վնասում: Բայց մենք ունենք տարբեր ընթացքներ: Կարող է լինել խնդիր, բայց գեղձը նորմալ աշխատի, այս դեպքում գուցե բուժման կարիք չլինի: Բայց երբ արդեն աուտոիմուն թիրեոդիտը բերում է բջիջների մեծ քանակի վնասման և զարգանում է թերֆունկցիա, այդ դեպքում պետք է բուժում նշանակել: Ախտանշանները կարող են տարբեր լինել՝ թուլություն, հոգնածություն, մաշկի չորություն, մազաթափություն, եղունգների որակի փոփոխություն, դաշտանային ցիկլի խանգարում, քաշի ավելացում:
– Վահանաձև գեղձի պատճառով վիտամինները վատ են ներծծվում արյան մեջ: Հաճախ երկաթի, D վիտամինի դեֆիցիտ է առաջանում: Դա հնարավո՞ր է:
– Այո: Վահանաձև գեղձի թերֆունկցիան՝ հիպոթիրեոզը, բերում է նրան, որ ունենում ենք արտահայտված այտուցներ, որի պատճառով ստամոքսի լորձաթաղանթն է այտուցվում, և դա բերում է նրան, որ և՛ երկաթն է վատ ներծծվում, և՛ B խմբի վիտամինները, վիտամին D-ն: Զուգահեռ եթե չենք բուժում, ունենում ենք նաև այդ դեֆիցիտները:
Օրինակ, մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում 44 տոկոսից ավելի կանայք մինչև 50 տարեկանը ունենում են երկաթի պակաս: Մեծ քանակությամբ կանայք ունենում են լատենտ երկաթի դեֆիցիտ, այսինքն՝ երբ դեռ հեմոգլոբինը նորմալ վիճակում է, բայց արդեն ունենք երկաթի պաշարի դեֆիցիտ: Եթե կնոջ տարքը 50-ից բարձր է, երկաթի դեֆիցիտը հաճախակի չի հանդիպում, և կարելի է ուշադրություն դարձնել մյուս վիտամինային դեֆիցիտներին:
– Հավանականություն կա՞, որ վահանաձև գեղձի հիվանդության դեպքում մարդը շաքարային դիաբետով հիվանդանա, օրինակ՝ տիպ մեկ:
– Տիպ մեկի՝ ոչ: Առաջին տիպի դիաբետն ավելի բնորոշ է մանկական հասակին, մյուս խնդիրները ժառանգական ինչ-որ ձևեր են: Իսկ երկրորդ տիպի դիաբետը եթե երկար չի բուժվում, կամ աուտոիմուն թիրեոդիտի ժամանակ համապատասխան դեղաչափ չեն խմում, երբ սննդակարգին չեն հետևում և քաշի ավելացում է լինում, իհարկե, դիաբետի զարգանալու ռիսկը նույնպես բարձրանում է:
– Հիվանդության ժամանակ նշվում է, որ բարձր է լինում նաև խոլեստերինը: Դա բոլորի՞ն է բնորոշ:
– Այն պացիենտները, ովքեր ստանում են բուժում, ռիսկերը շատ ավելի քիչ են: Իսկ եթե դեղը չեն խմում կամ համապատասխան դեղաչափը չեն խմում, հիպոթիրեոզը բերում է նրան, որ խոլեստերինն ավելանում և վնասում է անոթի պատը: Դրա համար ամեն ինչ պետք է լինի բալանսավորված:
– Երբեմն խոսում են դեղորայքի հետ սելենի զուգակցման մասին:
– Սելենն այն միկրոէլեմենտն է, որն անհրաժեշտ է, որպեսզի սինթեզվեն հորմոններ: Քանի որ չունենք արյան մեջ սելենի քանակը սոտւգելու հնարավորություն, էմպիրիկ կարող ենք ենթադրել, որ եթե մի փոքր ինչ-որ փոփոխություն ենք տեսնում, այնտեղ կարող է լինել սելենի դեֆիցիտ, և կարճաժամկետ սելեն ենք կիրառում:
– Հայաստանում չե՞ն կարողանում ստուգել:
– Հայաստանում չկան լաբորատոր նման հետազոտություններ: Այն ավելի մեծ, հագեցած լաբորատորիաների համար է:
– Մեր քաղաքացիները սիրում են ինքնաբուժությամբ զբաղվել և հաճախ փոխում են դեղաչափը: Սա ինչի՞ կհանգեցնի:
– Շատ վատ բաների: Ես հաճախակի բախվում եմ նման խնդրի հետ: Դեղը մեկ տարի չեն խմում կամ ինքնուրույն բարձրացնում են դոզան՝ մտածելով, որ կարող են ավելի լավ զգալ, բայց ստանում ենք գերդոզավորում:
Անի Կարապետյան