SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին ժամը 11։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Ա․-ն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 09։30-ի սահմաններում Երևանի Նորաշխարհյան փողոցի շենքերից մեկի մոտ Երևանի բնակիչ 35-ամյա Արայիկ Ղ․-ն իրեն պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի սրահում իր մոտ եղած ատրճանակից մի քանի կրակոցներ է արձակել Մարիամ Ա․-ի ուղղությամբ, ապա ատրճանակի բռնակի հատվածով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին, ապա դիմել փախուստի։
Սակայն Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Ոստիկանության քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողներին հաջողվում է պարզել, թե հավանաբար՝ որ ուղղությամբ է «առյուծ կտրող» Արայիկ Ղ-ն ուղևորվում։
Ու այդ մասին տեղեկություններ են փոխանցում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության իրենց գործընկերներին։Ու արդեն 2 ժամվա ընթացքում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնի և Ոստիկանության ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները կարողանում են օպերատիվ գործել, ու դարանակալման արդյունքում Արայիկ Ղ-ն բռնվում է։
Վերջինիս տեղափոխում են Ոստիկանության Մարտունու բաժին, ապա տեղափոխում Երևան՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։