Երգ-երաժշտության շատ սիրահարներ համարում են, որ Apple AirPods-ի ձայնի որակը լավն է, այն հարուստ բաս ունի և շատ հստակ է բարձր հաճախականություններում: Այս ականջակալներում օգտագործում են հատուկ մշակված չիպ, որը բարձրացնում է ձայնի որակը, ինչպես նաև ադապտիվ էկվալայզեր, որն ավտոմատ կերպով կարգավորում է երաժշտությունը՝ համապատասխանեցնելով կրողի ականջի ձևին:
Ընկերությունն այժմ աշխատում է ապագա AirPods-ի թարմացումների վրա, և վերջին արտոնագիրը, որը հայտնվել է ԱՄՆ ապրանքանիշերի և արտոնագրային գրասենյակի (USPTO) կայքում, ցույց է տալիս, թե ինչ տեխնոլոգիաներ կարող են դրանցում օգտագործվել։
Ինչպես տեղեկացնում է GizmoChina-ն, նոր ականջակալները կարող են ստանալ տեխնոլոգիա, որը կոչվում է «Վիրտուալ լսողության միջավայրի չափում» (Measurement of Virtual Listening Environment): Դատելով հավելվածի նկարագրությունից՝ խոսքն ականջակալներում ձայնի ավտոմատ ճշգրտման մեխանիզմի մասին է, որը կենտրոնանում է տարածքի ակուստիկ հատկությունների վրա։ Արտոնագրի նկարագրության մեջ կարելի է գտնել տեղեկություն ավտոմեքենայում, դասարանում, գնացքում, հյուրասենյակում և այլ վայրերում երաժշտություն լսելու և տեսանյութեր դիտելու համար նախատեսված սցենարների մասին:
Նման կարգավորման համար, ըստ աղբյուրի, կներգրավվեն ականջակալների խոսափողները և դրանց հաշվողական միավորները: Ալգորիթմը պետք է որոշի, թե ինչ տարածքում է գտնվում մարդը, չափի տարածքի ակուստիկ ճնշումն ականջում և նվագարկվող աուդիո կամ վիդեո ֆայլի ձայնը կարգավորի այդ պարամետրերին համապատասխան:
Apple-ի արտոնագրերից շատերն այդպես էլ մնում են որպես կոնցեպտ, ուստի դեռ հայտնի չէ, թե արդյոք կոնկրետ այս արտոնագիրն իրականություն կդառնա, թե ոչ: Այնուամենայնիվ, դրա հիմքում ընկած գաղափարը շատ հետաքրքիր և նորարար է թվում, և եթե այն ճիշտ իրականացվի, ապա դա, անշուշտ, կօգնի բազմաթիվ նոր հաճախորդների ներգրավել։