«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում սահմանային իրավիճակի վերաբերյալ գրառում է կատարել՝ ակնարկելով, որ ադրբեջանական կողմը զոհեր է տալիս:
– Պարոն Զաքարյան, ադրբեջանական կայքերը հայտնում են մեկ զոհի մասին: Ձեր գրառումից հասկացվում է, որ այդ թիվն ավելի մեծ է:
– Իրենց հաղորդագրություններին, որ նայենք՝ ամբողջ պատերազմի ժամանակ զոհ չեն տվել երեւի: Ես իրենց հաղորդագրության վրա չեմ հիմնվում:
– Ունե՞ք տեղեկություններ զոհերի թվի մասին:
– Կարճ ասած՝ մերոնք լավ էլ պատժում են: Դրանից ավելի չեմ կարող ասել, ոչ էլ թիվ ասելու իրավունք ունեմ: Գիտեմ, որ մեկ հոգի չէ:
– Այսօր կա՞ զգալի լարվածություն հայ-ադրբեջանական սահմանին:
– Ամեն օր էլ ինչ-որ մի բան ձեռնարկում են, լարվածություն միշտ էլ կա: Տեսնում ենք, որ տենդենց կա նաեւ շատացնելու հրադադարի խախտումները:
– Դուք ամեն շաբաթ դիրքերում լինում եք, հնարավոր է՝ տիրապետում եք նաեւ հակառակորդի շարժերի վերաբերյալ խոսակցություններին: Ըստ ձեզ, լարվածությունն առաջիկայում մինչեւ ինչքա՞ն կաճի:
– Դա նույնիսկ ռազմագետները չեն կարող ասել, որովհետեւ ռազմական իրավիճակն այնպիսի բան է, որ կարող է ամեն վայրկյան փոխվել: Ես կարող եմ հիմա ասել շատ հանգիստ է, ուղիղ մեկ րոպե հետո կարող են հարձակվել: Եթե լինեն մարդիկ, որ կանխատեսեն էլ, դա ասում են հենց էնպես՝ ասելու համար: Ապրիլին ո՞վ էր սպասում, որ պիտի պատերազմ լինի: Փաստ է, որ միջադեպերը գնալով շատացնում են, զինատեսակի փոփոխությունները տեսնում եք. արդեն Դ-44 են օգտագործում, ականանետ են օգտագործում, աճ տեսնում եք դեպի վատը: Այդ աճը տեսնում էինք նաեւ մինչեւ ապրիլյան պատերազմը՝ նռնականետեր, հետո ականանետեր, հետո ավելի խոշոր ականանետեր: Հետո եկավ մի ժամանակ, տեսանք, որ պատերազմ է սկսվել: