Ապրիլի 18-ին, ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պատասխանատու Գ․ Հակոբյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի և գումարտակի տեխնիկական գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու աշխատակիցները։ Եվ ժամանած հրշեջ-փրկարարներն ու պարեկները «Լավանդա Սիթիի» աշխատակիցների հետ միասին հրդեհի հետագա տարածումը կանխել են, ապա մեկուսացրել հրդեհն ու մարել այն։
Պարզվել է, որ հանգստյան գոտու տարածքում՝ քոթեջային հատվածում, այրվում է 5 հա բուսածածկույթ և եղեգնուտ, մասամբ ջերմահարվել են ծառեր և քոթեջների արտաքին հատվածներ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։