Հայկական ազնվական տոհմերը ռուսական և վրացական արքունիքներում
Advertisement 1000 x 90

Հայկական ազնվական տոհմերը ռուսական և վրացական արքունիքներում

«Ճակատագրի բերումով հայոց պետականության կորստի պայմաններում հայ ազնվական շատ գերդաստաններ իրենց հանգրվանն են գտել օտարության մեջ: Օտար ափերում շատ հայկական տոհմեր անգամ իշխանության վերին օղակներին հասան: Հիշենք թեկուզ Բյուզանդիայի հայազգի կայսրերին, որոնք իրենց Արշակունի հռչակեցին, Եգիպտոսի իշխանությունը շուրջ 100 տարի իրենց ձեռքում կենտրոնացրած Պահլավունիներին, Սասունի Թոռնիկյաններից սերած և Բուլղարիայի թագը գրաված Սամուել Կոմսաձագին, Վրաստանը շուրջ հազար տարի կառավարած Բագրատունիներին…

Հատկապես մեր հարևան Վրաստանում, բոլոր պայմանները կային հայ ազնվական գերդաստանների հաստատման համար: Նախ, Վրաստանը կարիքն ուներ հայկական ազնվականության և զինուժի, ապա` մոտ լինելով պատմական հայրենիքին` հայ ազնվականներն առաջին հերթին հաստատվում էին հենց Վրաստանի տարածքում, որտեղից էլ, հետագայում հաստատվեցին նաև Ռուսաստանում:

Դեռևս վաղ միջնադարից շատ հայկական ազնվական գերդաստաններ հաստատվեցին հարևան Վրաստանում, սակայն ամենամեծ ու ազդեցեցիկ տոհմը, ինչ խոսք, Բագրատունիներն էին, որ անգամ 9-րդ դարում այնտեղ արքայական թագի արժանացան ու մինչ 1801 թվականը թագավորեցին Վրաստանում:

Հաջորդ խոշոր ազնվականական տոհմը, որ Վրաստանում հաստատվեց ու ամուր արմատներ գցեց` Զաքարյաններն էին: Զաքարյանները ծագումով Հարավային Հայաստանից էին, որ հաստատվեցին Լոռիում 11 – րդ դարում և ծառայության մտան Կյուրիկյան թագավորների մոտ: Զաքարյանները Լոռու թագավորության անկումից հետո դարձան վրաց Բագրատունիների հպատակները: Շուտով, Գյորգի Գ արքայի օրոք նրանք պալատական բարձր պաշտոնների են հասնում, իսկ Թամար թագուհու կառավարման օրոք Զաքարյան եղբայրներ Զաքարեն և Իվանեն ոչ միայն փաստացի իրենց ձեռքն են վերցնում վրացական պետության ղեկավարումը, այլև սելջուկներից ազատագրում են պատմական Հայաստանի մեծ մասն ու, փաստորեն, վերականգնում երկրի անկախությունը:

Զաքարյանները ոչ միայն Հայաստանի տիրակալներն էին, այլև վրաց արքունիքում նրանց էր պատկանում սպարապետությունը, սահմանակալ կուսակալությունը, վրաց պետության ամենաբարձր պաշտոնը արքայական թագից հետո` աթաբեկությունը: Հատկապես ողջ 13-րդ դարի ընթացքում, Իվանե և Ավագ Զաքարյաններն ամբողջովին իրենց ձեռքն էին վերցրել վրացական պետության կառավարումն ու ավելի ազդեցիկ էին, քան վրաց թագավորները: Զաքարյանները վրաց արքունիքում ստացան նաև Մխարգրձելի` Երկայնաբազուկ պատվանունը: Հետագայում, նրանց աստղը պատմական ասպարեզում մարեց և նրանք մնացին որպես վրացական պետության ազնվական տոհմերից մեկը: Զաքարյանների տոհմական կալվածքն ու գերեզմանատունը Հյուսիսային Հայաստանի Լոռու գավառի Սանահին գյուղն է:

Այստեղ, 16-րդ դարից Զաքարյան իշխաններն ընդունեցին արդեն Արղության ազգանունը և պատմության մեջ հանդես են եկել որպես Արղության – Երկայնաբազուկներ:
1783 թվականին դեռ Եկատերինա Բ կայսրուհին, ապա 1800 թվականի մարտի 22-ի հրամանագրով ռուսաց կայսր Պավել Առաջինը արքեպիսկոպոս Հովսեփ Արղության – Երկայնաբազուկին ու իր տոհմին շնորհում է ռուսական կայսրության ազնվականի տիտղոս:

Տոհմից ռուսական արքունիքում աչքի են ընկել գեներալ – ադյուտանտ, Կովկասյան պատերազմի հերոս կոմս Մովսես Զաքարի Արղության – Երկայնաբազուկը, հայ ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Արղության Երկայնաբազուկը, գեներալ – մայոր դավիթ Լուարսաբի Արղության – Երկայնաբազուկը:

Հայ իրականության մեջ նորագույն շրջանում աչքի ընկնող դերակատարում են ունեցել վերոնշյալ արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանն ու հայ ազատագրական շարժման գործիչ, Պարսկաստանում ՀՀ առաջին դեսպան Հովսեփ Արղությանը:

Մյուս նշանավոր հայկական ազնվականական տոհմը Վրաստանում Լոռիս – Մելիքովներն էին: Նրանք ծագում են Լոռուց և որպես իշխաններ հայտնի են 16-րդ դարից: Լոռիս – Մելիքովները ըստ որոշ աղբյուրների` ծագում են Լոռու Արդվի գյուղից, իսկ նրանց մի ճյուղը հետագայում տեղափոխվեց Արցախ և հիմքը դրեց Գյուլիստանի մելիքության:

Լոռիս – Մելիքովները դեռ 16-րդ դարից հայտնի էին որպես վրացական արքունիքի ազնվականներ, իսկ 1878 թվականի ապրիլի 17-ի հրամանագրով ռուսական կայսր Ալեքսանդր 3-րդը գեներալ – ադյուտանտ Միքայել Տարիելի Լոռիս – Մելիքովին շնորհեց ռուսական արքունիքի կոմսի կոչում և այդպիսով տոհմը դասվեց նաև ռուս ազնվականության շարքերը:

Տոհմից աչքի են ընկել գեներալ – ադյուտանտ Միքայել Լոռիս – Մելիքովը, որ Ալեքսանդր Երրորդի օրոք Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարն էր, հեծելազորի գեներալ Լևոն Հովհաննեսի Մելիքովը:

Մյուս հայտնի տոհմը վրացական արքունիքում դա Աբամելիք – Լազարևներն էին:
Տոհմանունն առաջացել է հայկական երկու ազնվականական տոհմերի` Աբամելիքների և Լազարևների տոհմանունների միաձուլումից:

Աբամելիքների տոհմը Հայաստանից Վրաստան է տեղափոխվել դեռ 15-րդ դարում, իսկ Լազարևների տոհմի նահապետը համարվում է 1747 թվականին Պարսկաստանից Ռուսաստան տեղափոխված Ղազար Նազարովիչը: Իսկ առհասարակ Լազարևները ծագում են Նախիջևանի Դաշտ գյուղից:
Լազարևները Ռուսաստանում զբաղվել են արդյունաբերությամբ, հայտնի ձեռնարկատերեր էին: Դեռ 1774 թվականին նրանք Եկատերինա 2-ի հրամանով նրանք դասվեցին ռուս ազնվականության շարքը:

1873 թվականին Ալեքսանդր 3-րդի կայսերական հրամանով Աբամելիք – Լազարևները դասվեցին ռուս ազնվականության շարքը:

Տոհմից աչքի են ընկել գեներալ – մայոր, նկարիչ, հնագետ Սեմյոն Դավիդի Աբամելիք – Լազարևը, գեներալ – մայոր Հովհաննես /Իվան/ Սեմյոնի Աբամելիքը, գեներալ – մայոր Դավիթ Սեմյոնի Աբամելիքը, Հովակիմ Լազարևը, որ Մոսկվայի Լազարյան ճեմարանի հիմնադիրը եղավ: Լազարևները 18-րդ դարի վերջին նաև հայկական եկեղեցի կառուցեցին Մոսկվայում, որ, սակայն ապամոնտաժվեց 1930 ական թվականներին: Նրանք Մոսկվայում հիմնեցին հայկական Վագանովսկոյե գերեզմանատունը: Վրաստանի վերջին թագավոր Դավիթ 12-րդի կինը` Ելենան, նույնպես Աբամելիքների տոհմից էր սերված:

Վրաստանի և Ռուսաստանի արքունիքներում քիչ հայտնի ազնվականական տոհմ են Ամատունիները: Այս տոհմի բավական հայտնի էր վաղ միջնադարյան Հայաստանում և Ամատունիների նախարարական տոհմը ոչ միայն բարձր դիրք էր գրավում գահամանակում, այլև երկար ժամանակ հայոց արքունիքում վարել են հազարապետի պատասխանատու պաշտոնը:
1784 թվականին վրաց Հերակլ Բ թագավորը հատուկ հրովարտակով Սարգիս Ազարյան Ամատունուն շնորհեց վրաց արքունիքի ազնվական – իշխանի տիտղոս, իսկ 1826 թվականին Նիկոլայ Առաջինը Գերասիմ Սերգեյի Ամատունուն և իր տոհմին շնորհել է ռուսական արքունիքի ազնվականական տիտղոս: Տոհմից հայտնի է խորհրդային շրջանի գրող Պետրոնիոս Գայ Ամատունին: Հայրենական պատերազմի ԽՍՀՄ հերոս Աշոտ Ամատունու կապն այս ազնվական տոհմի հետ պարզաբանված չէ:
Բեհբութովների տոհմն ավելի շատ հայտնի էր Վրաստանում, քան Ռուսաստանում: Սակայն նրանցից դեռ 1826 թվականին Նիկոլայ Առաջինի հրամանով Դարչո Ավետիքի Բեհբութովը դարսվեց ռուս ազնվականության շարքը, իսկ մինչ այդ 1783 թվականին վրաց Հերակլ Բ արքան հատուկ հրովարտակով վերահաստատել է Բեհբութովների ազնվական իրավունքները վրաց թագավորության տարածքում: Առհասարակ, Բեհբութովների տոհմը խոջայական ծագում ունի և նրանցից Ղուլամ Բեհբութը 1621 թվականին շահ Աբասից շնորհների է արժանացել ու ազնվական տիտղոս ձեռք բերել:
Տոհմից աչքի են ընկել 18-րդ դարում Թիֆլիսի քաղաքապետ Աշխարհ – Բեկ Բեհբութովը, ռուսական բանակի գեներալ, Ղրիմի պատերազմում և Կովկասյան արշավանքներում աչքի ընկած Դավիթ Հովսեփի Բեհբութովը, նրա եղբայրը` Ղրիմի և Կոբկասյան պատերազմների հերոս, գեներալ Վասիլի Հովսեփի Բեհբութովը:

Քիչ հայտնի տոհմերից է նաև Բեգթաբեկովների ազնվական տոհմը: Նրանք իրենց ծագումը վերագրել են Անիից, որի կործանումից հետո հաստատվել են Վրաստանում: Այստեղ նրանց Թեյմուրազ Ա թագավորը վրաց ազնվականության դասն է կարգում, իսկ 1783-ին նրանցից Եսայի Սուլխանի Բեգթաբեկովի և իր տոհմի ժառանգական իրավունքները վերահաստատվեցին Հերակլ Բ վրաց արքայի հրամանով, իսկ 1826 թվականին ի թիվս այլոց` այս տոհմը նույնպես ստացավ ռուսական արքունիքի ազնվականի տիտղոս: Վրաց արքունիքում Բեգթաբեկովները վարել են պետական խորհրդականի պաշտոնը: Տոհմից աչքի է ընկել 19-րդ դարում Կովկասյան պատերազմների մասնակից, հրետանավոր, գեներալ – մայոր, իշխան Սողոմոն Հովհաննեսի Բեգթաբեկովը:

17 – 18 րդ դարերում վրաց արքունիքի դիվանապետի պաշտոնը զբաղեցրած Նազարովները սերում են Թումանյան – Մամիկոնյաններից: 1722 թվականին Վախթանգ 6-րդ վրաց արքան իր հետ մդիվանբեկ Դավիթ Նազարովին Պետերբուրգ է տանում: Վերջինս այլևս Վրաստան չի վերադառնում և 1734 թվականին ռուսական արքունիքում ծառայության է անցնում` կոմսի տիտղոսով: Արքունական ծառայության մեջ 18-րդ դարի վերջում աչքի է ընկել Լև Սեմյոնովիչ Նազարովը:

Բացի վերոնշյալներից, վրացական և ռուսական արքունիքներում գրանցված ազնվականական գերդաստաններ էին Դելյանովները, Մինասովները, Սումբատովները, Փալավանդովները այլ տոհմեր ևս, որոնք սակայն, որևէ էական դեր չեն խաղացել պատմության մեջ և ժամանակի ընթացքում կամ ձուլվել են, կամ մարել»:

Այս հետաքրքիր պատումն իր միկրոբլոգում շարադրել է պատմաբան Վահե Անթանեսյանը:



Նման նյութեր