Դեղատների այս կանաչ խաչերից բացի, վարորդներին խանգարում են նաև լեդ էկրանները
Advertisement 1000 x 90

Դեղատների այս կանաչ խաչերից բացի, վարորդներին խանգարում են նաև լեդ էկրանները

«Դեղատների կանաչ խաչերի լույսերը մութ ժամերին մարդիկ շփոթում են լուսացույցի հետ, և շատ անգամ դա բերում է նրան, որ վարորդները չիմանալով՝ խախտում են երթևեկության կանոնները: Դա ինչ-որ կերպ խնդրում եմ կանոնակարգել, հատկապես խաչմերուկներին դրանք շատ խաբուսիկ են»,- Երևանի ավագանու ապրիլի 18-ի նիստում հարցը բարձրացրեց ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:

«Մոտ 6 տարի է, այս խնդիրը կա, բայց ոչ՝ լուծումը: Այս կանաչ լույսերից ոչ միայն վարորդները, այլև հետիոտնն է հաճախ սխալվում, խախտում անում: Կարծում եմ, ոչ թե գույնն է պետք փոխել, այլ ուղղակի դրանք փողոցի մոտ չպետք է լինեն, օրինակ, կարող են փակցնել դեղատան պատին»,- մեզ հետ զրույցում նշեց մի քաղաքացի:

«Բացի դեղատների այս կանաչ խաչերից, վարորդներին խանգարում են նաև լեդ էկրանները: Գովազդի այնպիսի լույսեր կան ճանապարհաեզրերին, որ ուշ գիշերը մեքենա վարելիս՝ ծակում, մտնում է աչքերս»,- նշեց մեկ այլ վարորդ՝ ընդգծելով, որ երկու խնդրի դեպքում էլ պետք է աշխատեն լուծում գտնել:

Վարորդները հայտնեցին, որ այս խախտումների պատճառով անգամ տուգանվում են:

«Մի անգամ գիշերը Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում շփոթվել եմ և արդյունքում տուգանվել 20000 դրամով»,- ասում է մեկ այլ վարորդ:

«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ-ի ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի փոխանցմամբ՝ այս հարցը բարձրացվել է դեռևս 2017 թվականին։

«Այդ հարցը դեռևս Տարոն Մարգարյանի ժամանակ մասնակի էր կարգավորվում․ մոտավորապես՝ այսպես էր. արտաքին գովազդի տեսանկյունից համարվում էր, որ կարելի էր պարզապես լույսը չմիացնել, թեկուզև նշանը լինի։ Զգալի դեղատներ՝ հատկապես խաչմերուկների մերձակա հատվածներում, լույսերն անջատում էին։ Այսինքն, կար կանաչ գույնի խաչի այդ նշանը, բայց վառ լույսով միացված չէր։ Օրենքով հստակ նշվում էր, որ աշխատանքի ժամանակ դեղատան պատին պետք է լինի այդ կանաչ խաչը և լուսավորվի»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Սերգեյ Ղահրամանյանը:

Անի Կարապետյան