Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր աշխարհաքաղաքական փասիանսի պարագայում, երբ նախկին բևեռները պայքարում են գրեթե բոլոր ուղղություններով՝ այդ թվում հարավային Կովկասի համար, Հայաստանը չունի և չի ունենալու «փրկիչներ»… Հայաստանը կարող է ունենալ միայն բնական դաշնակիցներ: Եթե փորձենք հպանցիկ վերլուծել, թե ինչ է կատարվում ռեգիոնում վերջին 3-4 տարիների ընթացքում, ապա կարող ենք արձանագրել մի քանի փաստեր
- Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը պարտվեց Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադր//ջանին:
- Ռուսաստանը հայտարարում է, որ և Հայաստանը, և Ադր//ջանը նրա դաշնակիցներն են, այսինքն միջնորդից ավելին ոչինչ չի անելու։
- Արևմուտքի համար հայկական «դեմոքրասին» շատ թանկ է, բայց ադր//ջանական էներգակիրներն ավելի թանկ են, հետևաբար հավաքական Արևմուտքը, ինչպես և Ռուսաստանը, միջնորդական առաքելությունից բացի, որն իրենց պարագայում համեմված է նաև գեղեցիկ խոսքերով և կոչերով, ոչինչ չի անելու:
- Իսրայելն ու Ադր//ջանը այնքան են խորացրել համագործակցությունը, որ դարձել են ռազմավարական գործընկերներ ընդդեմ Իրանի:
- Իրանը հայտարարում է, որ իր համար կան կարմիր գծեր և որևէ սահմանային փոփոխություն ռեգիոնում չի հանդուրժի (ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն Իրանը մի քանի անգամ առաջարկել է Հայաստանին կնքել ռազմա-քաղաքական պայմանագիր, որը Հայաստանի իշխանությունները մերժել են)
- Չինաստանը Երևանում (Երևանյան լճի հարևանությամբ) կառուցել է ԱՄՆ դեսպանատնից մեծ (որն, ի դեպ, ևս գտնվում է Երևանյան լճի հարևանությամբ) դեսպանատուն: Թե ինչու է աշխարհաքաղաքական երկու բևեռներին պետք նման հզորության դեսպանատներ Հայաստանի նման երկրում հայտնի է միայն Աստծում և այդ գերտերությունների հատուկ ծառայություններին:
- Չինաստանը Հայաստանի տնտեսական երկրորդ գործընկերն է (Ռուսաստանից հետո): Այս փաստը մոտ մեկ ամիս առաջ իր հոդվածում հատուկ ընդգծել էր ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունը:
- Չինաստանը ունի խնդիր ԱՄՆ հետ(Թայվանի մասով… և ոչ միայն) և Թուրքիայի հետ (ույգուրների, Միջին Ասիայում ազդեցության մասով… և ոչ միայն), Հնդկաստանն ունի պատմական հակամարտություն Պակիստանի հետ, որն իր հերթին Թուրքիայի և Ադր//ջանի բարեկամն է: Իրանն ունի թշնամություն Իսրայելի հետ, որն իր հերթին Ադր//ջանի բարեկամն է:
- Իրանն ու Սաուդյան Արավիան, երկարատև թշնամանքից հետո, կնքեցին պայմանագիր (օդում կախված լուրերի համաձայն Չինաստանի քավորությամբ), ինչը հանգեցրեց իսլամական աշխարհի՝ շիա և սուննի հատվածների մերձեցման:
- Երկու օր առաջ ամերիկացիները հրապարակեցին մայիսի 14-ին Թուրքւայում կայանալիք նախագահական ընտրությունների սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանից առաջ է 7%-ով:
Եթե համադրեք այս 10 փաստերը կհասկանաք, որ ինչպես ասում էր «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսը. «Մենք Բրյուս Լիի պոչը պետք է բռնենք… Բրյուս Լիի»… ոչ թե նրա համար, որ Կոնֆուցիոսը փրկիչ է, այլ մի պարզ պատճառով՝
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ ԱՅԴ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԵՏ»։