Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում գրել է․
«Չեք մարսելու
Այսօր հանդիպել եմ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների մայրերին։
Այս մայրերն ամեն զանգից ու փողոցում իրենց մի քիչ երկար նայող ամեն մի հայացքից կառչում են, մտածելով՝ երեւի մի բան կասեն որդուս մասին։
Ըստ պաշտոնական թվերի, 44-օրյա պատերազմից հետո մենք 309 անհետ կորած զինվոր ունենք, որոնց ծնողները պետական կառույց չի մնացել, որի դռների առաջ օրերով չեն սպասել, որպեսզի մի անբարոյականի վաստակ օգնական դուրս գա ու ծնողներին «բացատրի», թե ինչպիսի՞ն պիտի լինի զուսպ ծնողը։
Իսկ մեկ այլ պաշտոնյա էլ ծնողների վրա մուննաթ գա, թե անեծք ե՞ք բերում տունս, որ ինձ էլ մի բան լինի։
Հայաստանում չի մնացել դեսպանատուն, որ այս մայրերը, մեկ-մինուճար հարցով՝ ի՞նչ է եղել իրենց որդիներին ու ումի՞ց ստանան այդ հարցի պատասխանը, դիմած եւ օրերով այդ դռների առաջ նստած չլինեն։
Նրանք ընդամենը մեկ բան են ուզում՝ ի՞նչ եղավ հայրենիքը պաշտպանելու համար պատերազմին մասնակցած իրենց տղաների հետ եւ ո՞ւր են իրենց որդիները։
Երկուշաբթի օրը ուղիղ եթերով անդրադառնալու եմ անհետ կորած մեր տղաների խնդրին, հատ-հատ տալու եմ այն պաշտոնյաների անունները, ովքեր հարկ չեն համարել անգամ հանդիպել այս մայրերին, իսկ որոշներն էլ իրենց պահել են վերջին խուժանի պես։
Ու եզակի պաշտոնյաներ են եղել՝ 1-2, ովքեր իրենց պահել են մարդու, այսինքն՝ homo-sapiens-ի նման։ Նրանց անուններն էլ կասվի»։