«Չկա որևէ եզրագիծ, որում Ադրբեջանը կանգ կառնի»․ Միքայել Նահապետյան
Advertisement 1000 x 90

«Չկա որևէ եզրագիծ, որում Ադրբեջանը կանգ կառնի»․ Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից․

«Փետրվարի 22-ին Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչը ՄԱԿ-ում պաշտոնապես շրջանառել է 9 էջանոց մի փաստաթուղթ, որը իբր կազմվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» կողմից:

Նամակում բազմիցս կրկնվում են «Արևմտյան Ադրբեջան», «այլ երկրներից այդ տարածքներում վերաբնակեցված հայեր», «այդ տարածքները այս պահին վերահսկող Հայաստան», «ներկայիս Հայաստան», «Հայաստան կոչվող տարածք», ««Հայաստանի Հանրապետություն» կոչվող միավորի կողմից էֆֆեկտիվ վերահսկվող տարածքներ» ձևակերպումները: Իսկ Հայաստանի Հանրապետությունը իրենց խոսքերով «ընդունում ենք, որպես իրավաքաղաքական իրողություն, քանի որ այն ճանաչված է շատ երկրների կողմից»:

Այս փաստաթուղթը և այն շրջանառելու փաստը կանխորոշում են առաջիկա 20-30 տարիների մեր կյանքի ու հարաբերությունների բնույթը, որովհետև պաշտոնապես և հանրապետության կնիքով նման փաստաթղթերի շրջանառումը վկայում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը Արցախի մասին չէր և չէ ու անհնար է լուծել այդ հակամարտությունը լուծելով Արցախի հարցը:

Ի դեպ բոլոր իրավիճակներում մեզ մեղավոր ու չարաճճի համարող իմաստունները ուզում եմ վկայակոչեն թե ե՞րբ է անկախ Հայաստանը որևէ պաշտոնական ատյանում շրջանառել մի փաստաթուղթ, որում կլիներ ասենք «Կուր-Արաքսյան հանրապետություն» եզրույթը ու մինչև ու՞ր կբարձրանար ողջախոհության շաքարը, եթե Հայաստանը նման բան արած լիներ:

Չկա որևէ եզրագիծ, որում Ադրբեջանը կանգ կառնի: Հետևաբար կամ պիտի «այս տարածքներից այլ երկրներում վերաբնակեցված հայեր» դառնանք կամ առերեսվենք պետություն ունենալու իրական, այլ ոչ մտացածին եղանակների հետ»:



Նման նյութեր