2022 թվականի ընթացքում ստացիոնար բուժման համար ընդունվել է 2966 բուժառու, որոնցից 2925-ը ստացել է քիմիաթերապիա, 24-ը՝ սիմպտոմատիկ բուժում, իսկ 17-ը միայն հետազոտվել է: 2021թ. ստացիոնար բուժման ընդունվել է 3202 բուժառու, 3031-ը ստացել է քիմիաթերապիա, 46-ը՝ սիմպտոմատիկ բուժում, իսկ 125-ը միայն հետազոտվել է: «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրների լուսաբանման արդիականությունը» սեմինար-քննարկման ժամանակ ասաց Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանը:
Խոսելով քիմիաթերապիայի մասին՝ նա նշեց, որ այն կենտրոններում, որտեղ չկա ուռուցքաբանական թիմ, չի կարելի այդ բուժումն անել, քանի որ գոյություն ունի նախավիրահատական, հետվիրահատական շրջան, որոշ հիվանդությունների ժամանակ էլ՝ համակցված քիմիաճառագայթային թերապիա:
Իսկ այն, թե ինչպիսի՞ բուժում պետք է ստանա հիվանդը՝ որոշվում է ուղեցույցով, որը կարող է լինել ամերիկյան, եվրոպական, ռուսական:
«Քիմիաթերապիան պայքարում է ուռուցքի բազմացման, տարածման և այլ պրոցեսների դեմ: Դրա հետ մեկտեղ՝ ունի իր կողմնակի երևույթները: Կա դեղորայք, որն առաջացնում է մազաթափություն, կա դեղորայք, որը չի առաջացնում: Սակայն բաժանմունքում գործում է «Գլխամաշկի խորը սառեցում հիպոթերմիկ մեթոդով» ծառայությունը, որը սկսել է գործել 2020թ. մայիսից: Այն իրենից ներկայացնում է մինչև -4°C գլխի մազածածկույթի սառեցում գլխարկի միջոցով քիմիաթերապևտիկ դեղորայքի ներարկումից 30-40 րոպե առաջ, ամբողջ ընթացքում և ավարտից հետո:
Ժամանակահատվածը պայմանավորված է կոնկրետ դեղորայքով և դոզայով: Սակայն հաշվի առնելով ծառայության գերծանրաբեռնվածությունը, կարիք եղավ ձեռք բերելու ևս 4 սարք: Արդյունքում՝ միաժամանակ կարելի է բուժում իրականացնել 4 բուժառուի: Արդեն իսկ բուժում է ստացել 376 բուժառու: 80 տոկոսի մոտ, եթե մազաթափության հանգեցնող դեղ է, սարքն ապահովում է, որ մազերը չթափվեն, իսկ 20 տոկոսի մոտ կարող է լինել մազաթափություն՝ սարքն օգտագործելով: Սառեցնող գլխարկն օգտագործվում է միայն քիմիաթերապիայի օրը»,- մանրամասնեց Նաիրա Ջանոյանը՝ ընդգծելով, որ քիմիաթերապիայից հետո պարտադիր թափված մազերը վերականգնվում են:
Անի Կարապետյան