Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, մայրաքաղաքի պարեկների հետ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 30-ին, առավոտյան ժամը վեցին մոտ գողություն կատարելու կասկածանքով Բագրատունյաց փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել երեք երիտասարդի, որոնցից մեկը՝ 27, երկուսը` 21 տարեկան:
Տեղեկությունը, որ նրանք մեքենաներից գողություն են անում, հաստատվեց: Ձերբակալվելուց առաջ Բագրատունյաց փողոցում կայանված մի «Մերսեդեսից» գողացել էին լուսարձակներ և հիշողության սարքը:
Գողոնը հայտնաբերվեց, փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը նույն փողոցում կայանված «Կիա» մակնիշի մի մեքենայից գողացել էին լուսարձակները՝ թարթիչներով, և մարտկոցը, իսկ օրեր առաջ Արցախի պողոտայում կայանված «Մերսեդեսից» գողացել էին լուսարձակները:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: