Աշխարհի առաջին համակարգչային մկնիկը ստեղծել է Apple-ը 1968-ի դեկտեմբերի 9-ին։ Սակայն 40 տարի առաջ՝ 1983-ի մայիսի 2-ին, Microsoft-ը թողարկեց իր առաջին մկնիկը՝ դրանով նպաստելով այս սարքի հանրահռչակմանը։
Ահա թե ինչպիսի տեսք ուներ Microsoft-ի համակարգչային առաջին մկնիկը։
Համակարգչային մկնիկի ստեղծողը Դուգլաս Էնգելբարտն է, որը նաև ստեղծել է գրաֆիկական ինտերֆեյս, հիպերտեքստ, տեքստային խմբագրիչ և նույնիսկ առցանց խմբային կոնֆերանսներ։
Մկնիկի առաջին նախատիպը նա մշակել է 1964-ին։ Արտոնագրի հայտում սարքն անվանվում էր «XY-ի դիրքի ցուցիչ էկրանով համակարգի համար»: Էնգելբարտի մկնիկը փայտից էր՝ ներսում ուներ սխեմա, ներքևի հատվածում՝ երկու փոքրիկ անիվ, իսկ վերևում՝ կոճակ։ Լարը, ի տարբերություն ժամանակակից մկնիկի, գտնվում էր ոչ թե առջևում, այլ հետևում, և խանգարում էր օգտատիրոջ ձեռքին։
1967-ին մկնիկը զրկվեց իր փայտե պատյանից և հայտնվեց առաջին պլաստիկե մկնիկը։
Իսկ 1968-ին Էնգելբարտը ներկայացրեց համակարգչային մկնիկ՝ կոդավորիչով. այն ուներ հինգ ստեղն (սեղմման 31 համակցության հնարավորությամբ), և պատրաստված էր սպիտակ պլաստիկից։ Ահա այսպիսի տեսք ուներ այն։
2023-ի մարտի 21-ին այսպիսի դիզայնով մկնիկն աճուրդում վաճառվել է 178,936 դոլարով։
Microsoft-ի՝ 1983-ին հայտնված մկնիկը նույնպես պլաստիկից էր, ուներ երկու կանաչ կոճակ, որոնք երկրորդ տարբերակում փոխարինվեցին մոխրագույնով, և InPort ISA ինտերֆեյս, որի համար անհրաժեշտ էր ընդլայնման քարտ տեղադրել համակարգչում։ Երկու անիվների փոխարեն, ինչպես Էնգելբարտի դիզայնում, Microsoft-ի մկնիկում օգտագործվում էր պողպատե գնդիկ։
Դեռևս 1973-ին այս դիզայնն առաջին անգամ ներկայացրել էր Xerox PARC-ի աշխատակից Բիլ Ինգլիշը, որը մշակել էր «Գնդիկավոր մկնիկ» կոչվող դիզայնը: Ահա թե ինչ տեսք ուներ նրա մկնիկը։
Հետագայում գնդիկով մկնիկի գաղափարը օգտագործեցին թե՛ Apple-ը, և թե Microsoft-ը:
Microsoft-ի առաջին մկնիկը վաճառվել է 1983-ի մայիսին, սակայն այս սարքի զանգվածային վաճառքն սկսվել է սեպտեմբերին։ Այդ ժամանակ այն արժեր 195 դոլար: Հատկանշական է, որ Microsoft-ն առաջին մկնիկից պատրաստել էր 100,000 միավոր, սակայն վաճառվել էր ընդամենը 5000-ը։
Microsoft-ի կողմից համակարգչային մկնիկների մշակման և թողարկման դարաշրջանը կարծես թե ավարտվել է։ 2023-ի ապրիլի 29-ին ընկերությունը հայտարարեց, որ այլևս չի արտադրի իր ապրանքանիշով մկնիկներ, ստեղնաշարեր և վեբ-տեսախցիկներ։ Փոխարենը Microsoft-ը նախատեսում է կենտրոնանալ Surface ապրանքանիշի համակարգիչների պարագաների վրա։