2022 թվականին 58 երկրներում 258 միլիոն մարդ պարենի խիստ պակաս է զգացել, մինչդեռ մեկ տարի առաջ այս ցուցանիշը 193 միլիոն էր: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հրապարակած զեկույցում։
«2022 թվականին չորրորդ տարին անընդմեջ ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք շատ սուր զգում են պարենային անվտանգության բացակայությունը եւ հրատապ օգնության կարքի ունեն պարենի, սննդամթերքի եւ գոյության միջոցների ոլորտում․ ավելի քան քառորդ միլիարդ մարդ սուր սով է ապրում, իսկ յոթ երկրներում մարդիկ՝ սովի եզրին են հայտնվել»,- ասվում է փաստաթղթում։
Ըստ զեկույցի, սննդի խիստ պակաս ունեցողների ավելի քան 40 տոկոսն ապրում էր հինգ երկրներում՝ Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Նիգերիայի որոշ մասերում եւ Եմենում:
Յոթ երկրների բնակիչները հայտնվել են սուր սովի աղետալի վիճակում. նրանց կեսից ավելին գտնվում է Սոմալիում (57 տոկոս), «նման ծայրահեղ իրավիճակ է գրանցվել նաեւ Աֆղանստանում, Բուրկինա Ֆասոյում, Հայիթիում (երկրի պատմության մեջ առաջին անգամ), Նիգերիայում, Հարավային Սուդանում եւ Եմենում»,- նշվում է զեկույցում։
Խոսելով սովի աճի մասին՝ զեկույցում ասվում է, որ «տնտեսական ցնցումները գերազանցել են հակամարտությունները՝ որպես պարենային սուր անապահովության հիմնական պատճառ»:
«Համաշխարհային տնտեսական ցնցումները, ներառյալ պարենային ապրանքների գների աճը եւ շուկայի աշխատանքում լուրջ խափանումները, խաթարում են երկրների կայունությունը եւ պարենային ցնցումներին արձագանքելու նրանց կարողությունը», – ասվում է փաստաթղթում:
Զեկույցի արդյունքների համաձայն՝ ուկրաինական հակամարտության ազդեցությունը «բացասաբար է ազդել համաշխարհային պարենային անվտանգության վրա՝ հաշվի առնելով Ուկրաինայի եւ Ռուսաստանի զգալի ներդրումը վառելիքի, գյուղատնտեսական միջոցների եւ հիմնական պարենային ապրանքների, հատկապես ցորենի, եգիպտացորենի եւ արեւածաղկի յուղի համաշխարհային արտադրության եւ առեւտրի մեջ»,- նշվում է բացատրական գրությունում։